Առաջիկայում Հայաստանի երկաթուղային համակարգը կմիացվի ԵԱՏՄ երկաթուղային համակարգին
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների նոյեմբերի 4-ի համատեղ նիստում խոսել է իր ղեկավարած կառույցի գործունեությունից եւ առաջիկա ծրագրերից:
Նախարարն անդրադարձել է մեր երկրի լոգիստիկ խնդիրներին, ինչը պայմանավորված է շրջափակմամբ: Նա ներկայացրել է առաջիկա գործողությունների պլանը. առաջինը Հայաստանի երկաթուղային համակարգը ԵԱՏՄ երկաթուղային համակարգին միացնելն է: Տարվա սկզբից քննարկումներ են եղել ռուսական, եվրոպական բեռնափոխադրող ընկերությունների հետ: Պատրաստ է նախագիծ, որն առաջիկայում կներկայացվի Կառավարության քննարկմանը: Դրանով նախատեսվում է լաստանավային կանոնավոր հաղորդակցություն ունենալ Փոթի եւ Պորտ Կավկազ նավահանգիստների միջեւ: Դա թույլ կտա մեր երկաթուղային համակարգին միանալու եվրասիականին, բարձրացնել տնտեսության մրցունակությունը, բարելավել լոգիստիկ հնարավորությունները ոչ միայն ՌԴ-ի, այլ նաեւ Բելառուսի եւ Ղազախստանի հետ:
Վահան Քերոբյանի խոսքով՝ Ռուսաստանի հետ ձեւավորվում է երկկողմ տնտեսական օրակարգ, որը ներառում է ներդրումային ծրագրեր: Այս շրջանակում նախարարն առանձնացրել է պղնձաձուլական կլաստերի ստեղծման հարցը, որը քննարկումների փուլում է: Կա համագործակցություն ռուսական երկաթուղիների հետ՝ Երեւան-Թբիլիսի գնացքի ընթացքն արագացնելու նախագծի հարցում: Նախարարը տեղեկացրել է, որ ՌԴ ազատ տնտեսական գոտիների ասոցիացիաների հետ աշխատանք է իրականացվում լոգիստիկ պարկերի նախագծի հարցում: Կառավարության ծրագրով մինչեւ 2026 թ. պետք է ստեղծվի արդյունաբերական 3 գոտի: Դրանք կլինեն Գյումրիում, Արարատում եւ Սյունիքում: Արարատի արդյունաբերական գոտին նախատեսված է լինելու իրանական ընկերությունների, իսկ Գյումրիինը՝ ԵԱՏՄ-ի եւ եվրոպական երկրների համար: