Ռուսաստանի Դաշնության հետ Հայաստանն ունի դաշնակցային հարաբերություններ, և հայ-ռուսական բազմաշերտ համագործակցության կարևոր բաղկացուցիչ մասն է կազմում ռազմաքաղաքական, անվտանգային, ինչպես նաև տնտեսական, էներգետիկ, ենթակառուցվածքների, հումանիտար ու մշակութային ոլորտները։
Այս մասին «Nouvelles d’Arménie» ամսագրին տված հարցազրույցում ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը:
«Միևնույն ժամանակ, Հայաստանը կարևորում է ԵՄ ու ԵՄ անդամ-երկրների հետ տարբեր ձևաչափերում փոխշահավետ և ընդհանուր ժողովրդավարական արժեքների վրա հիմնված համագործակցության զարգացումը:
Այս առումով կցանկանայի առանձնահատուկ ընդգծել Հայաստան-Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի նշանակությունը։ Այս համընդգրկուն փաստաթուղթը ամուր իրավական հիմք է ստեղծում ՀՀ-ԵՄ գործընկերության, ինչպես նաև ԵՄ անդամ երկրների հետ համագործակցության համար։ Համաձայնագրի արդյունավետ կիրարկումը կամրապնդի համագործակցությունն ամենատարբեր ոլորտներում, ինչպիսիք են՝ արդարադատությունը, անվտանգությունը, տնտեսությունը, գյուղատնտեսությունը և ենթակառուցվածքները, շրջակա միջավայրը և կլիման, կրթությունը և գիտությունը, մշակույթը, առողջապահությունը և այլն»,- ասել է Միրզոյանը։
Նա համագործակցության կարևոր հարթակ է անվանել նաև Արևելյան գործընկերությունը՝ նշելով, որ Հայաստանը շարունակում է ակտիվ ներգրավվածությունն ու աշխատանքը՝ ձևաչափի ներառականության ամրապնդման և համագործակցության խորացման ուղղությամբ։
Խոսելով Հայաստան-Իրան հարաբերությունների մասին՝ Հայաստանի արտգործնախարարն ասել է, որ երկու երկրների միջև առկա են փոխվստահության վրա հիմնված պատմական բարեկամական հարաբերություններ: «Կա երկուստեք պատրաստակամություն՝ առավել զարգացնելու և խորացնելու բարեկամության և փոխադարձ հարգանքի վրա հիմնված հայ-իրանական հարաբերությունները, առևտրատնտեսական, քաղաքական, ինչպես նաև այլ ոլորտներում շահավետ համագործակցությունը»,- շեշտել է Միրզոյանը։
Նա հավելել է՝ Հայաստանը լիահույս է, որ միջուկային բանակցությունները կվերսկսվեն, կունենան բարեհաջող ընթացք, և հնարավորություն կստեղծեն վերացնելու Իրանի նկատմամբ առկա պատժամիջոցները, ինչը կարևոր խթան կարող է հանդիսանալ Հայաստանի և Իրանի միջև տնտեսական համագործակցության զարգացման համար: