VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Իրավունք» թերթը գրում է. «Իրավունքի» արցախյան աղբյուրների պնդումներով, 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի ստեղծմամբ, որքան էլ տարօրինակ հնչի, առավել քան անհանգստացած են արցախյան իշխանությունները՝ ՊԲ-ի գեներալիտետի հետ միասին: Բանն այն է, որ Արցախում կա տարածված հիմնավոր կարծիք, որ չի բացառվում, որ այս հանձնաժողովը ստեղծվել է հենց մեկ նպատակով՝ ամեն ինչ բարդել Արցախի իշխանությունների վրա եւ մեղավորներին գտնել հենց Արցախում: Ասում են՝ այս առումով առավել քան անհանգստացած է հենց Արցախի նախագահը, քանզի հայաստանյան իշխանականների եւ առաձին ջոկատների հրամանատարների հարցազրույցներում արդեն իսկ ասում են, որ իրենք այս կամ այն դիրք են բարձրացել հենց Արայիկ Հարությունյանի հրամանով ու այնտեղ լուրջ խնդիրների են բախվել: Արցախում շրջանառվող լուրերի համաձայն, այս համատեքստում վերջին շրջանում սրվել են հայաստանյան եւ արցախյան իշխանությունների հարաբերությունները: Հայաստանյան իշխանություններին մոտ կանգնած աղբյուրների համաձայն, հանձնաժողովի աշխատանքների ընթացքում ջրի երես դուրս կգա նաեւ Ջալալը, ով դեռեւս անձեռմխելի է համարվում»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանին եւ մարզից ընտրված ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանին «կարմիր քարտ» են ցույց տվել եւ հեռացրել առաջիկա նախընտրական պրոցեսներից։ Նրանց արգելվել է մասնակցել Կապանում նոյեմբերի 14-ի ընտրությունների քարոզչությանը: Երբեմնի ակտիվ պատգամավորը, որ Գորիսում դռնեդուռ ընկած քվե էր խնդրում, հիմա անգամ ֆեյսբուքյան իր էջով չի մասնակցում նախընտրական արշավին: Նրանց ձախողումը Գորիսում, Մեղրիում եւ մասամբ` Տաթեւում, թիմում ծանր են տանում, հիմա ամեն ինչ անելու են Կապանում դա չկրկնվելու համար։ Նիկոլ Փաշինյանն այստեղ գործի է դրել թիմի ծանր հրետանին, եւ նախընտրական քարոզչությունը վարում են փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը եւ կառավարության աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, անգամ Տիգրան Ավինյանն է երկրորդ պլան քաշվել։ Նոյեմբերի 14-ը ցույց կտա, թե որքանով է իշխանության էլիտան ունակ երկրում որեւէ հարց լուծելու»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեղրի համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար, «Քաղպայմանագրի» թեկնածու Արարատ Թումանյանը, որը կարատեի մարզիչ է, երեկ մեզ հայտնեց, որ հոկտեմբերի 17-ի ընտրությունների փաստով կուսակցությունը դիմում է ներկայացնելու Գլխավոր դատախազություն, քանի որ, նրա խոսքով, խոշորացված համայնքում գործել է ընտրակարուսել: «Իմ համար շատ անսպասելի բան է տեղի ունեցել, որ ես չեմ հաղթել։ Կարուսելը ձեզ հայտնի է. Մեղրի քաղաքի գեղագիտական շենքում, որտեղ տեղամասերից մեկն էր, կարուսել է գրանցվել, մեր վստահված անձը բարձրաձայնել է, պարզապես հանձնաժողովի նախագահը եղել է երեւի ոչ մեր ջատագովը, չի արձանագրել։ Մենք էլ դիմելու ենք դատախազություն։ Ի դեպ, սա միակ դեպքը չէ, Բագրատ Զաքարյանի ծննդավայր Լեւազում եւս գրանցվել է»,- ասաց Թումանյանը։ Հիշեցնենք, որ ընտրությունների արդյունքով ՔՊ-ն երկրորդ տեղն է զբաղեցրել՝ ավագանու 15 մանդատներից ստանալով 5-ը, 6 մանդատ էլ Արամ Սարգսյանի «Հանրապետությունն» է ստացել՝ ի դեմս Բագրատ Զաքարյանի, երկուական մանդատ ստացել են Ռուբեն Վարդանյանի «Ապրելու երկիրն» ու Սամվել Բաբայանի «Ազատականը»։ ՔՊ-ն բանակցում է վերջին երկուսի հետ` քաղաքային իշխանությունը վերցնելու նպատակով, իսկ քրեական գործերով, ըստ ամենայնի, փորձելու են ճնշել ամենաշատ ձայն հավաքած թեկնածուին»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Դեկտեմբերի 5-ին, ինչպես մի շարք համայնքներում, Աշտարակ քաղաքում եւս, որը վերջին փոփոխություններով խոշորացվեց, կանցկացվեն համայնքի ղեկավարի ընտրություններ։ Արդեն հայտնի է, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը կգլխավորի գործող քաղաքապետ, անկուսակցական Թովմաս Շահվերդյանը։ Ու թեեւ նախորդ անգամ՝ 2016 թվականին, նա քաղաքապետ էր ընտրվել նախորդ իշխանությունների՝ ՀՀԿ-ի աջակցությամբ, իշխանափոխությունից հետո հասցրել է դառնալ նաեւ գործող իշխանությունների «սրտի թեկնածուն»։ Մենք գրել էինք, որ Շահվերդյանն Արագածոտնի արդեն նախկին մարզպետի՝ Դավիթ Գեւորգյանի հետ ուներ ջերմ հարաբերություններ, նրան ֆինանսապես աջակցում էր, Գեւորգյանն էլ լոբբինգ էր անում, որ ՔՊ-ի ցուցակը Շահվերդյանը գլխավորի։ ՔՊ-ն հոկտեմբերի 27-ին հայտարարեց, թե ում է պատրաստվում առաջադրել տեղերում համայնքապետերի թեկնածու։ Դրա հենց հաջորդ օրը՝ հոկտեմբերի 28-ին, Դավիթ Գեւորգյանն անսպասելի ազատվեց մարզպետի պաշտոնից, եւ նրա փոխարեն մարզպետ նշանակվեց Ռազմիկ Պետրոսյանը։ Ըստ որոշ լուրերի՝ մարզպետն Աշտարակի քաղաքապետի հետ որոշ տարաձայնություններ է ունեցել: Հիմա պետք է գործող քաղաքապետը հարաբերություններ հաստատի արդեն նոր մարզպետի հետ, ով ծնունդով Ապարանից է` տարիներ առաջ Ապարանի քաղաքապետն է եղել։ ՔՊ-ն եւ անձամբ Թովմաս Շահվերդյանն Աշտարակում կմրցեն եւս երկու քաղաքական ուժերի՝ Արթուր Վանեցյանի գլխավորած «Հայրենիք» կուսակցության եւ Դաշնակցության հետ։ «Հայրենիք» կուսակցության ցուցակը կգլխավորի Ազատ Զաքարյանը, որն Աշտարակի ավագանու անդամ է, իսկ ՀՅԴ-ի ցուցակը՝ Կարապետ Առաքելյանը»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Իշխանությունները որեւէ կերպ չեն համակերպվում տեղական ինքնակառավարման մի քանի մարմիններում գրանցված պարտության հետ: «Ժողովուրդ» օրաթերթը դեռ օրեր առաջ էր գրել, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ջանք ու եռանդ չի խնայում Հայաստանի թեկուզ ամենափոքր համայնքում սեփական թեկնածուին «թագավոր» կարգելու համար: Մեղրի համայնքում, օրինակ, դեռ հստակ չէ, թե ի վերջո ով է համայնքապետ ընտրվելու: «Հանրապետություն» կուսակցությունը ընտրություններին ամենաշատ՝ 6 քվե է ստացել, բայց դա բավարար չէ, որ կարողանա ինքն իրենով համայնքապետ ընտրել: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն է փորձում եղանակ փոխել, Մեղրիում մանդատներ ստացած «Հանրապետություն», «Ազատական» ու «Ապրելու երկիր» կուսակցություններին ասել է, թե 5 մանդատ ստացած ՔՊ-ին պետք է միանան ու օգնեն իշխանության թեկնածուին քաղաքապետ կարգել զուտ միայն այն պատճառով, որ այսօր իշխանության ղեկին ՔՊ-ն է, հետեւաբար իշխանությունն ինչպես ասի, այնպես պետք է շարժվեն: Կուսակցությունները, սակայն, բացասաբար են ընդունել Ավինյանի ասածն ու հակառակվել, թե նման տոնայնությամբ որեւէ առաջարկ չեն ընդունի: Այդ ամենի հետեւանքն այն է, որ հոկտեմբերի 17-ից մինչ օրս հստակ չէ, թե Մեղրիում, ի վերջո, ով է համայնքապետ լինելու: Մեր ունեցած տեղեկություններով՝ իշխանությունը Տիգրան Ավինյանի առաջ պայման է դրել՝ եթե Սյունիքի ՏԻՄ ընտրություններում հաջողություն գրանցի, ապա Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարանի կառավարումն իրեն կվստահվի: Եվ, ըստ այդմ, նախկին փոխվարչապետը ջանում է անել հնարավորը, որ բոլոր այն համայնքներում, որտեղ իշխանությունը փոքր-ինչ մանեւրելու տեղ ունի, կարողանա ղեկավարումն իր ձեռքն առնել»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Այն, որ կառավարությունը պետական պարտքն ավելացրեց, որպեսզի թոշակ, նպաստ, աշխատավարձ տա, վաղուց էր հայտնի։ Երեկ մեզ հետ զրույցում ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը խոստովանեց, որ պետական պարտքը հատել է ՀՆԱ-ի 60 տոկոսի շեմը՝ հասնելով 63.5 տոկոսի, եւ իրենք եկող տարի պետք է այնպես անեն, որ իջեցնեն շեմը։ Եվ դա անելու են ոչ թե բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերն ու ապարատի ծախսերը կրճատելու հաշվին, այլ նոր պարտք ներգրավելու եւ սոցիալական ծախսերը՝ թոշակ, նպաստ, աշխատավարձ չավելացնելու։ Այսինքն՝ պաշտոնյաները կշարունակեն օգտվել բյուջեի բարիքներից՝ չզրկվելով որեւէ հաճույքից, իսկ ժողովուրդը կշարունակի «յոլա գնալ» խղճուկ թոշակով ու աշխատավարձով»:
«Իրավունք» թերթը գրում է. «Կառավարության որոշմամբ` «Կոշ» եւ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկները կդադարեցնեն իրենց գործունեությունը հունվարի 1-ից: Ըստ ՀՀ արդարադատության նախարարության` «Հրազդան» ՔԿՀ-ի մասով որոշման վերջնարդյունքը կհանգեցնի շուրջ 500 մլն դրամի խնայողության` փուլային սկզբունքով` հաշվի առնելով կադրերի ռեզերվում գտնվելու ժամանակահատվածի համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների առկայության անհրաժեշտությունը: Իսկ «Կոշի» գործունեության դադարեցման հետեւանքով հնարավոր է դառնում լուծել այլ ՔԿՀ-ների կադրային խնդիրները, ինչպես նաեւ շուրջ 50 հաստիքով համալրել Պրոբացիայի ծառայության կադրային ռեսուրսը: Սակայն, «Իրավունքին» հասած տեղեկությունների համաձայն, «Կոշ» եւ «Հրազդան» ՔԿՀ-ների աշխատակիցները հայտնվել են անելանելի իրավիճակում: Վերջիններիս ասվել է, թե հունվարի 1-ից մոտ չորս ամիս մնալու են գործազուրկ, իսկ հետո կտեղավորեն նրանց աշխատանքի: Իսկ թե այդ ամիսներին ինչպես են գոյատեւելու, կամ ով է վճարելու նրանց կոմունալ վարձերն ու ապառիկները, որեւէ մեկին, կարծես, չի հուզում»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՀՀ գլխավոր դատախազությունն աշխատավարձի բարձրացում անելու տեսանկյունից տվեց-անցավ մինչ այժմ եղած բոլոր նախադեպերը: Արդարադատության նախարարությունն առաջարկում է դատախազության գործընկերներին, աշխատավարձից զատ, աշխատավարձի մինչեւ 120 տոկոսի հասնող հավելավճար տալ։ Թե ինչ հիմնավորմամբ է դատախազության բարձրաստիճան պաշտոնյաների՝ դատախազի ու նրա տեղակալների աշխատավարձն ավելանում աստղաբաշխական թվերով, թերեւս միայն իշխանությանն է հայտնի։ Հասկանալի չէ, թե Նիկոլ Փաշինյանին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի որ արժանիքն է շոյել, որ նա որոշել է քաղցր աչքով նայել նախկինում իրեն կալանավորելու միջնորդությամբ հանդես եկող Դավթյանին ու տեղակալներին: Արձանագրենք, որ ո՛չ «Մարտի մեկ»-ի գործով է որեւէ նոր բացահայտում եղել, ո՛չ սպանություններն են բացահայտվել, ո՛չ այդքան չարչրկված ապօրինի գույքն ու թալանն են բռնագրավվել ու բյուջե վերադարձվել: Ավելին, բոլոր տեսակի թալանչիները անկաշկանդ շարունակում են կյանքը վայելել ազատության մեջ: Տպավորություն է, որ Փաշինյանի իշխանությունը իրավապահներին է միայն հենարան պատկերացնում. ուժային կառույցների աշխատակիցներին է ոգեւորում, մոտիվացնում աշխատել: Մինչդեռ կորոնավարակի պայմաններում զօրուգիշեր հերթապահություն անող բուժաշխատողները, որ պատերազմի օրերին երկու ճակատով՝ ռազմի դաշտում ու ընդդեմ կորոնավիրուսի էին կռվում, անտրտունջ աշխատում են: Միայն երեկ «Շտապօգնություն» ծառայության վարորդներն էին աշխատավարձի բարձրացման պահանջով բողոքի ակցիա անում: 110 հազար դրամով 24 ժամ աշխատող վարորդների ֆոնին դատախազն ու յուր տեղակալները 10, 20, 30 էլ չէ, միանգամից 120 տոկոսի հավելավճար են ուզում։ Հուսով ենք՝ պետական այրերը գոնե գիտակցում են, թե Շտապօգնության վարորդներից յուրաքանչյուրի անգամ 1 րոպե չաշխատելը ողբերգական ինչ հետեւանքներ կարող է ունենալ»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը մարզային իր գործուղումներն իրականացնում է ուղղաթիռով՝ Սանավիացիայով, բնականաբար՝ պետբյուջեի հաշվին: Այս մասին նախարարը խոստովանել է լրատվամիջոցներից մեկի հետ հարցազրույցի ժամանակ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ երկու մարզ՝ Սյունիք եւ Տավուշ նախարարի այցելությունները իրականացվել են Սանավիացիայի ուղղաթիռով, եւ այցելությունները մեր երկրի բյուջեի վրա արժեցել են տարբեր հաշվարկներով մոտ 2 մլն դրամ: Ուշագրավ է, որ նույն իշխանությունը շարունակ Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանին էր քննադատում, որ ուղղաթիռով էր աշխատանքի գնում-գալիս, մինչդեռ Վահե Հակոբյանի՝ ուղղաթիռով երթեւեկելու ծախսերը հոգում էր Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, այլ ոչ թե պետությունը, այնինչ Անահիտ Ավանեսյանի մարզային այցելությունները իրականացվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հաշվին: Այս իրավիճակը հատկապես խոսուն է այն ֆոնին, երբ երեկ Շտապօգնության ծառայության վարորդները կորոնավարակի այս սուր իրավիճակում մի քանի ժամով գործադուլ էին հայտարարել եւ պահանջում էին աշխատավարձի բարձրացում, իսկ Առողջապահության նախարարությունը պարզաբանում է, թե աշխատավարձի բարձրացման համար գումարներ չկան: Փաստորեն, Շտապօգնության ծառայության վարորդներին պատշաճ վճարելու գումարներ չկան, իսկ նախարարի «վոյաժների» համար «թռիչքային» գումարներ կան։ Հարկ է նշել, որ նախարարի մարզային այցելությունները բացարձակ հրատապություն չեն ունեցել, որովհետեւ նախարարը մասնագիտությամբ բժիշկ չէ եւ, հետեւաբար, հրատապ որեւէ տեղ հասնելու եւ կյանքեր փրկելու խնդիր չունի: Իրականում նախարարը չի ցանկացել Տավուշ կամ Սյունիք երկար ճանապարհ կտրել հասնել՝ գերադասելով իր տեղակալների հետ ուղղաթիռով երթեւեկել, եւ ոչինչ, որ դա կլինի գերթանկ»:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Առողջապահության նախարարության կողմից պարբերաբար ներկայացվում է Հայաստանում պատվաստումների պատկերը: Եվ չնայած հոկտեմբերի 14-ից աշխատողները պետք է պարտադիր ներկայացնեն պատվաստված լինելու տեղեկանք կամ դրա փոխարեն կորոնավիրուսի բացասական թեստ, սակայն, չնայած դրան, պատվաստումների թվերը մեծ թափով չեն ավելանում: Եվ դրա հետ մեկտեղ պատվաստվողների մեջ մեծ թիվ են շարունակում կազմել օտարերկրացիները: Այս պահի դրությամբ հայտնի են հոկտեմբերի 26-ի տվյալները, և այդ տվյալներով՝ Հայաստանում իրականացված պատվաստումների 2,9 տոկոսը բաժին է ընկնում օտարերկրացիներին` մոտ 20 հազար հոգի, իսկ 97,1 տոկոսը՝ ՀՀ քաղաքացիներին։ Տեղեկացնենք, որ COVID-19-ի դեմ պատվաստումների մեկնարկից ի վեր՝ հոկտեմբերի 24-ի դրությամբ, կատարվել է 677032 պատվաստում, որից առաջին դեղաչափ` 466785, երկրորդ դեղաչափ` 210247։ Լիարժեք պատվաստման ցուցանիշը ՀՀ-ում մոտ 10 տոկոս է կազմում։ Այսպիսով, ստացվում է, որ Հայաստանում մինչ օրս կորոնավիրուսի դեմ պատվաստում է ստացել շուրջ 20 հազար օտարերկրացի: Նկատենք, որ, ամեն դեպքում, հայաստանցիների շրջանում պատվաստման ցուցանիշը խայտառակ ցածր է: Եթե պարտադրանքը չլիներ, այսպիսի ցուցանիշ էլ չէր ստացվի»։