24.11.2024
Հայաստանի և Վրաստանի պաշտպանության նախարարները քննարկել են համագործակցության ծրագրերը
prev Նախորդ նորություն

«Ռոստելեկոմը» հանվել է վաճառքի. հավանական գնորդը Սամվել Կարապետյանն է

Հայաստանում գործող հեռահաղորդակցության օպերատոր «Ռոստելեկոմի» 100 տոկոս բաժնետոմսերը հանվել են վաճառքի, և արդեն իսկ կա գնորդ։ «Լուրերի» այս տեղեկությունը հաստատեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը։


«ՋիԷնՍի-Ալֆա» ՓԲԸ-ն, որը ներկայացնում է «Ռոստելեկոմ» ապրանքանիշը, բոլոր թույլտվությունները ստանալու դեպքում վաճառվելու է «Հայաստանի էլեկտրական ցանցերին»։ «Դիմում ստացել ենք։ Հավանական գնորդը ՀԷՑ-ն է և մեկ այլ ֆիզիկական անձ»,- «Լուրերի» հետ զրույցում ասաց ՀԾԿՀ նախագահը։ Վերջինիս փոխանցմամբ՝ ներկայում ընթանում է գործարքի թույլտվության հետ կապված գործընթաց՝ «Կառավարություն, Ազգային անվտանգության ծառայություն, Մրցակցության պաշտպանության հանձնաժողով դիմումներ են հասցեագրվում՝ կարծիքների համար»։ Կառավարության աշխատակազմին ևս դիմում է հասցեագրվել գործարքի վերաբերյալ, սակայն դեռ պատասխան չկա:


Ինչպես տեղեկացրին ՀԾԿՀ-ից, «Հայաստանի էլեկտրական ցանցերը» «Ռոստելեկոմի» բաժնետոմսերը ցանկանում է ձեռք բերել Molitro Holdings Limited ընկերության միջոցով, որի բաժնետոմսերի 60 տոկոսը պատկանում է ՀԷՑ-ին, իսկ 40 տոկոսը՝ ՌԴ քաղաքացի Արման Ունանյանին։ Molitro Hօldings Limited-ը ՀԾԿՀ դիմում ներկայացրել է հոկտեմբերի 19-ին։


«Հայաստանի էլեկտրական ցանցերի» բաժնետերը 2015-ից ռուսաստանաբնակ գործարար, միլիարդատեր Սամվել Կարապետյանն է։ Ներկայում ընկերության բաժնետոմսերի 30 տոկոսը պատկանում է «Լիորմանդ հոլդինգզ լիմիթեդ» ընկերությանը։ Այն հիմնվել է 2010-ին Կիպրոսում։ «Հետք» էլեկտրոնային պարբերականը ժամանակին ուսումնասիրել էր այս ընկերության բաժնետիրական շղթան ու պարզել, որ «Լիորմանդ հոլդինգզ լիմիթեդ»-ում, ինչպես նաև նրա բաժնետեր հանդիսացող այլ ընկերություններում բաժնետեր ու տնօրեն է հանդիսացել Սինան Ռոբերտ Բոդմերը, որը Ռուսաստանի Դաշնության քաղաքացի է ու Սամվել Կարապետյանին պատկանող «Ֆորա բանկի» տնօրենների խորհրդի անդամ։ «Լիորմանդ հոլդինգզ լիմիթեդ»-ը նույն տարում ձեռք բերեց նաև Հրազդանի ջերմաէլեկտրակայանը։ ՀԷՑ-ի մյուս բաժնետերը Կարապետյանին պատկանող «Տաշիր կապիտալ» ՓԲԸ-ն է։


Ուշագրավ է, որ Սամվել Կարապետյանին պատկանող «Ֆորա բանկը» հեռահաղորդակցության մեկ այլ խոշոր օպերատորի՝ «Յուքոմի» բաժնետերերից է։ Սա նշանակում է, որ մի դեպքում Կարապետյանը «Տաշիր կապիտալով», իսկ մյուս դեպքում՝ «Ֆորա բանկով» կապի ու հաղորդակցության ոլորտի երկու խոշոր ձեռնարկությունների բաժնետեր է դառնում։ «Յուքոմը» վերջերս վերակազմավորվել է՝ ՍՊԸ-ից դառնալով ՓԲԸ։ Անցյալ տարվա դրությամբ «Յուքոմում» ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի որդիների հետ միասին հեռահաղորդակցության օպերատորի կապիտալում բաժնեմասեր ունեին Սամվել Կարապետյանի «Ֆորա բանկը»՝ 10.5 տոկոսի չափով և Սուրիկ Պողոսյանը՝ Կարապետյանի քրոջ ամուսինը՝ 6.3 տոկոսի չափով։ ՓԲԸ դառնալուց հետո «Յուքոմի» իրական շահառուների հայտարարագրում «Ֆորա բանկի» և Սուրիկ Պողոսյանի մասնակցության վերաբերյալ տվյալներ առկա չեն։


Հայաստանում գործող «Ռոստելեկոմը» ռուսական «Ռոստելեկոմի» դուստր ձեռնարկությունն է, որը մատուցում է լայնաշերտ ինտերնետի, ֆիքսված հեռախոսակապի, սմարթ հեռուստատեսության ծառայություններ ֆիզիկական անձանց ու կորպորատիվ հաճախորդներին։ «Ռոստելեկոմն» ունի տվյալների հաղորդման օպտիկական համակարգեր, 92 տոկոս ներկայություն ՀՀ քաղաքներում, նաև՝ 3000 կմ երկարությամբ օպտիկամանրաթելային մալուխների ցանց։ «Ռոստելեկոմը», ըստ այս տարվա երկրորդ եռամսյակի հաշվետվության՝ ունի ինտերնետից օգտվող 196.589 բաժանորդ։


«ՋիԷնՍի-Ալֆա» ՓԲԸ-ն հիմնվել է 2008 թվականին, ընկերության կանոնադրական կապիտալը 1 միլիարդ դրամ է։ «Ռոստելեկոմը» «ՋիԷնՍի-Ալֆա»-ն ձեռք բերեց 2012-ին։


Ըստ «Հետքի»՝ «ՋիԷնՍի-Ալֆա»-ն պատկանում է Կիպրոսում գրանցված «Ֆիլորս վենչրս» ընկերությանը, որն էլ իր հերթին պատկանում է Բրիտանիայում գրանցված երկու այլ ընկերությունների։ Ռուսական «Ռոստելեկոմի» բաժնետերերը ռուսական պետական մի քանի ձեռնարկություններն են՝ «Ռոսիմուշչեստվո» պետական ընկերությունը՝ մոտ 36 տոկոս բաժնեմասով, Ռուսաստանի ազգային դեպոզիտարիան՝ 28.74 տոկոսի բաժնեմասով, ՎՏԲ բանկը՝ մոտ 8 տոկոս բաժնեմասով։