23.11.2024
«Հայրենիք» կուսակցությունը կմասնակցի դեկտեմբերի 5-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին
prev Նախորդ նորություն

Ոչ աշխատանքային օրեր պահպանել նաև հունվարի 5-ը և 7-ը. Մայր Աթոռը դիմել է ԱԺ-ին

Հայաստանյան եպիսկոպոսաց և թեմակալ առաջնորդների ժողովը հանդես է եկել հայտարարությամբ, որը ներկայացնում ենք ստորև.

«Հոկտեմբերի 29-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ Մայր Աթոռ Սուրբ էջմիածնում գումարվեց հայաստանյան եպիսկոպոսների և թեմակալ առաջնորդների ժողով, որի ընթացքում քննարկվեցին հոգևոր-ազգային, եկեղեցական, հովվական և ներքին կազմակերպական մի շարք հարցեր:

Առանձին քննարկման նյութ դարձան 44-օրյա պատերազմի հետևանքների հաղթահարման ուղղությամբ Հայ Եկեղեցու կողմից իրականացվող հոգևոր-խնամատարական գործունեությունը, ռազմագերիների վերադարձման, անհայտ կորածների հայտնաբերման խնդիրները, զոհվածների աճյունների նույնականացման և հուղարկավորության հետ առնչվող հարցերը:

Անդրադարձ եղավ նաև ՀՀ Ազգային ժողովի կողմից «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների վերաբերյալ նախաձեռնված փոփոխություններին։ Այս կապակցությամբ ժողովն արձանագրեց․

«Կարևորում ենք պետական տոնացույցում ազգային, հոգևոր ու պետական տոների և հիշատակի օրերի պատշաճ ներկայացվածությունը, քանզի մեր հոգևոր ու մշակութային արժեքները, ազգային դիմագիծն ու ձգտումները արտահայտվում են նաև տոների և հիշատակի օրերի խորհուրդներում:

Հատկանշական է, որ շատ երկրներում, որոնց թվում՝ Ավստրիան, Ֆրանսիան, Գերմանիան, Ռումինիան, Լեհաստանը, Լիտվան և հարևան Վրաստանը, պետական ոչ աշխատանքային օրերի գերակշռող մասը (60-80%) եկեղեցական տոներ են։ Մինչդեռ քրիստոնեությունն իբրև պետական կրոն առաջինն ընդունած Հայաստանում՝ միայն 19%-ն է եկեղեցական:

Այսու դիմում ենք Ազգային ժողովի խմբակցություններին՝ Ամանորի ու Սուրբ Ծննդյան տոների ոչ աշխատանքային օրեր պահպանել նաև հունվարի 5-ը՝ որպես Սուրբ Ծննդյան Ճրագալույցի տոնական օր, և հունվարի 7-ը՝ որպես մեռելոց հիշատակի օր, հատկապես, երբ Արցախյան պատերազմի զոհերի ցավը դեռ մորմոքում է մեր ժողովրդի սրտում։

Լիահույս ենք, որ ընդառաջ մեր ժողովրդի բարեպաշտ զգացումներին և աղոթքի ու մխիթարության հոգևոր կարիքներին՝ Ազգային ժողովի կողմից նկատի կառնվի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի սույն առաջարկը»: