«Մուրացան»-ում կորոնավիրուսով հիվանդ 17 երեխա կա. 2-ի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր
Այս պահին «Մուրացան» համալսարանական հիվանդանոցում կորոնավիրուսով հիվանդ 17 երեխա է հոսպիտալացված: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը, ով այսօր այցելել է «Մուրացան» համալսարանական հիվանդանոց և ծանոթացել մանկական Covid բաժանմունքում բուժում ստացող երեխաների առողջական վիճակին:
«Փոքրիկներից 2-ի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր՝ վերակենդանացման բաժանմունքում են , 6 բալիկի վիճակը գնահատվում է ծանր՝ թթվածնակախյալ են, և 9 երեխա գտնվում է կայուն ծանր վիճակում։
Այս 17 երեխաներից 15-ի մայրերի մոտ ևս հաստատվել է Covid-19»,- գրել է Արմեն Մուրադյանը:
VERELQ-ը հիշեցնում է, որ այսօր «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի նորածնային վերակենդանացման բաժանմունքում մեկ ամսական երեխա է մահացել: Փոքրիկն ընդունվել էր բուժհաստատություն հոկտեմբերի 19-ին, արհեստական շնչառության սարքին միացվել էր հոկտեմբերի 26-ին: Երեխայի մոտ առկա է եղել կորոնավիրուսային վարակ: