23.11.2024
Ռուսաստանը դուրս չի մղում Մինսկի խմբի համանախագահներին կարգավորման գործընթացից. Քոչարյան
prev Նախորդ նորություն

Աղաջանյանն ու Լեհաստանի դեսպանը քննարկել են երկկողմ հարաբերությունները

Հոկտեմբերի 29-ին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Լեհաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Պավել Չեպլակին: Հանդիպմանը մասնակցել է ՀՀ ԱԺ Հայաստան-Լեհաստան բարեկամական խմբի ղեկավար Արուսյակ Ջուլհակյանը:


Ողջունելով դեսպանին` Էդուարդ Աղաջանյանն ընդգծել է երկու երկրների ժողովուրդների բարեկամական հարաբերությունները, արժեւորել Լեհաստանի խորհրդարանի հետ համագործակցությունը:


Խոսելով տարբեր ոլորտներում հայ-լեհական գործակցության զարգացման մասին` հանձնաժողովի նախագահը կարեւորել է «Լեհական մշակույթի օրերի» անցկացումը Հայաստանում եւ դրա շրջանակում կազմակերպվող միջոցառումները: Էդուարդ Աղաջանյանը համոզմունք է հայտնել, որ նման նախաձեռնությունները նպաստում են երկու երկրների ժողովուրդների միջեւ մշակութային կապերի ընդլայնմանը:


Քննարկվել է նաեւ հայկական մշակութային ժառանգությունը Լեհաստանում ներկայացնելու հնարավորության հարցը:


Դեսպանը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, կարեւորել է Հայաստանի հետ փոխգործակցությունը նաեւ Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների ձեւաչափում:


Անդրադարձ է եղել հետպատերազմյան իրավիճակին: Էդուարդ Աղաջանյանը բարձր է գնահատել 44-օրյա պատերազմից հետո Լեհաստանի իշխանությունների աջակցությունն արցախցի դեռահասների երկշաբաթյա այցը Լեհաստան կազմակերպելու հարցում:


Զրուցակիցները կարեւորել են Հայաստանի եւ Լեհաստանի միջխորհրդարանական կապերի խորացումը` ընդգծելով փոխայցերի եւ բարեկամական խմբերի գործունեության աշխուժացումն այդ գործում: ՀՀ ԱԺ Հայաստան-Լեհաստան բարեկամական խմբի նորընտիր ղեկավար Արուսյակ Ջուլհակյանը նշել է, որ իր արդյունավետ եւ բեղմնավոր գործունեությամբ կնպաստի երկկողմ համագործակցության ընդլայնմանը:


Պավել Չեպլակի խոսքով` համագործակցության բնագավառների ընդլայնման գործում իրենց ուրույն դերը կարող են ունենալ միջխորհրդարանական կապերը, բարեկամական խմբերի արդյունավետ շփումները: