Հայաստանի կառավարությունը հոկտեմբերի 28–ի նիստում հավանություն է տալիս Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հետ վարկային համաձայնագիր կնքելու առաջարկին, որով գործադիրը կստանա 25 միլիոն եվրո ֆինանսավորում՝ 845 հատ տարբեր չափի ավտոբուսներ ձեռք բերելու նպատակով։
«25 միլիոն եվրո գումարից 5 միլիոնը լինելու է դրամաշնորհ՝ Արևելյան Եվրոպայի էներգախնայողության և շրջակա միջավայրի գործընկերության կողմից։ Ձեռք բերվելիք 845 ավտոբուսներից 100-ը լինելու են 12 մետր երկարությամբ ու ցածրահատակ։ Ներկայում քաղաքապետարանը ավտոբուսների ձեռքբերման վերաբերյալ ստացած առաջարկներն է քննարկում։ Երևանի քաղաքապետարանի գնահատմամբ՝ ընդհանուր 845 ավտոբուսների ձեռքբերման համար անհրաժեշտ է լինելու 120-150 միլիոն եվրո», - ասած է նախագծի հիմնավորման մեջ։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ Երևանի ավտոբուսային պարկի պահանջարկն ավելին է։ «Եթե չեմ սխալվում, մոտ 700 ավտոբուսի անհրաժեշտություն կա Երևանում։ Եվ այստեղ գործ ենք ունենալու նաև մասնավոր հատվածի ներգրավման հետ, ամբողջ Երևանի տրանսպորտային համակարգն աշխատելու է համայնքային և մասնավոր տրանսպորտային ընկերությունների փոխգործակցությամբ։ Եվ աշխատելու է միասնական տոմսային համակարգով», - ասաց Նիկոլ Փաշինյանը։
Այս որոշումներով մենք, իհարկե, հարցը կլուծենք միջնաժամկետում, բայց երկարաժամկետում պետք է կարողանանք արմատական լուծման հանգել։ Եթե մենք ուզում ենք ունենալ ժամանակակից, քաղաքակիրթ համակարգ, ավտոբուսների շահագործման ժամկետը, որպեսզի նրանք պատշաճ վիճակում լինեն, 10 տարի է։ Հիմա խնդիրը հետևյալն է՝ կառավարությունն այս վարկը վերցնում է, էլի միջոցներ կներդրվեն, և մենք կգնենք ենթադրենք անհրաժեշտ քանակի ավտոբուս։
Ըստ էության, 10 տարի հետո այդ ավտոբուսային պարկը թարմացնելու անհրաժեշտություն է լինելու, քանի որ ավտոբուսները մաշվում են։ Եթե այս վարկի գումարը կամ ինչ-որ մասը չի վերադարձվում, ստացվում է, որ կառավարությունը փողը ծախսում է, ավտոբուսները ձեռք է բերում, 10 տարի հետո էլի պետք է փող ծախսի, էլի ավտոբուսներ ձեռք բերի, հետո 10 տարի հետո էլի ավտոբուս ձեռք բերի։ Այսինքն՝ պետական պարտքով տրանսպորտային համակարգ աշխատեցնելու խնդիրն է ծագում։
Սա՝ որպես մեկնարկ, ընդունելի և հասկանալի է, բայց մենք պետք է ունենանք համակարգ, որ այս համակարգը նաև որոշակի եկամուտներ գեներացնի։ Այլապես կստացվի, որ մենք անընդհատ պարտք ենք վերցնում, որպեսզի տրանսպորտային համակարգ ունենանք»,- ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ խնդիրն առաջադրել են Երևանի քաղաքապետարանին, որպեսզի ներդրվի գործուն համակարգ։