2025-ին Ադրբեջանում արտահանման համար 10 մլրդ խ/մ գազ կլինի
2025-ին Ադրբեջանում դժվար թե արտահանման համար 10 մլրդ խ/մ–ից ավելի գազ լինի։ Այս մասին ասված է Օքսֆորդի էներգետիկ հետազոտությունների ինստիտուտի վերլուծության մեջ:
Եթե չհաշվենք Շահ Դենիզ-2 հանքավայրի մատակարարումները, որոնք նախատեսված են Թուրքիայի եւ Եվրոպայի համար, ինչպես նաեւ Վրաստանի համար նախատեսված 2-2.5 մլրդ խ/մ գազը, 2025-ին Ադրբեջանը արտահանման համար գազի մեծ ծավալներ չի ունենա, եւ նա կշարունակի փոքր քանակությամբ ռուսական գազ գնել իր բալանսը հավասարեցնելու համար։ Եթե Ադրբեջանում հանքահանումը տարեկան կազմի 35-36 մլրդ, ապա արտահանման համար ազատ ծավալները կկազմեն 3.7–4.7 մլրդ։ Վստահեցումները, թե արտահանումը կմեծանա մինչեւ տարեկան 35 մլրդ խ/մ, նոր գազի հանքերի շնորհիվ, պետք է ասել, որ չեն համապատասխանում իրականությանը։ Թեպետ Շահ Դենիզում սահմանափակ քանակությամբ գազ կլինի, սակայն դրա փոքր ծավալները շուկա չեն հասնի, Շահ Դենիզ–2-ի մատակարարումները լրացնելու համար։
Նման բան կարող է պատահել, եթե եվրոպական շուկայում ներկայիս կոնյունկտուրան՝ գերառաջարկն ու գազի ցածր գները, շարունակվի նաեւ 2020-ական թթ.։ Նման հավանականություն կա, քանի որ գներն իջեցնում են ռուսական գազի եւ խտացրած բնական գազի մատակարարումների միջեւ մրցակցությունը։ Ադրբեջանական գազը Եվրոպայում դժվարությամբ կմրցակցի գնային առումով։ Նավթի արդյունաբերության աղբյուրների մոտավոր գնահատականներով՝ Շահ Դենիզ–2-ով Իտալիա մատակարարած գազը կարժենա 273-293 դոլար հազար խ/մ–ի դիմաց։ Այդ թվում հանքահանման արժեքը կկազմի 50-60 դոլար, Հարավկովկասյան գազատարով՝ մինչեւ Վրաստանի հետ սահման՝ 50 դոլար, Տրանսատլանտյան գազատարով՝ Հունաստանի հետ սահման՝ 103 դոլար, Տրանսադրիատիկ գազատարով՝ մինչեւ Իտալիա՝ 70-80 դոլար։ Համեմատության համար նշենք, որ Թուրքիա մատակարարումների դեպքում ինքնարժեքը կկազմի 179-189 դոլար հազար խ/մ–ի համար։
Ակնկալվում է, որ Շահ Դենիզում հանքահանումը աստիճանաբար կկրճատվի։ Այդ պատճառով խողովակատարներում 2024-ին ազատ հզորություն կառաջանա տարեկան 1 մլրդ խ/մ–ի չափով։ Իսկ 2030-ին՝ արդեն 6 մլրդ, 2035-ին՝ 13 մլրդ։ Դա նշանակում է, որ Ադրբեջանից գազի արտահանումը կտեղավորվի գործող ենթակառուցվածքների մեջ, եթե չհաշվենք հնարավոր փոքր լրացուցիչ կառույցները, որոնք կապված են Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ պայմանագրերի հետ։