23.11.2024
Արցախում մեկ օրում կորոնավիրուսով վարակվելու 43 նոր դեպք է բացահայտվել
prev Նախորդ նորություն

ԵՏՀ-ն փորձարկում է էլեկտրոնային առևտրում մաքսային գործառնությունների նոր տեխնոլոգիան

ԵԱՏՄ Մաքսային օրենսգրքում փոփոխությունների ձևավորմանը զուգահեռ Եվրասիական տնտեսական հանձնաժողովը կիրականացնի փորձնական նախագծեր, որոնք թույլ կտան փորձարկել ապրանքների էլեկտրոնային առևտրում մաքսային գործառնությունների իրականացման նոր տեխնոլոգիան: Հանձնաժողովն արդեն ընդունել է Եվրասիական տնտեսական միության մի շարք ակտեր՝ ապահովելով փորձի համար նորմատիվ պլատֆորմ:


Այս մասին հայտնել է ԵՏՀ մաքսային օրենսդրության և իրավակիրառ պրակտիկայի վարչության տնօրեն Սերգեյ Վլադիմիրովը Մոսկվայում հոկտեմբերի 22–ին կայացած 2021 միջազգային մաքսային համաժողովում պրոֆիլային կլոր սեղանի մասնակիցներին։ Արտաքին էլեկտրոնային առեւտրի կարգավորման հարցերի շուրջ քննարկմանը մասնակցել են դաշնային մաքսային ծառայության եւ ինտերնետ-առեւտրի ընկերությունների ասոցիացիայի ներկայացուցիչները:


Սերգեյ Վլադիմիրովի խոսքով՝ այսօր Եվրասիական տնտեսական միության երկրներում ձևավորվում է ապրանքների արտաքին էլեկտրոնային առևտրի մաքսային կարգավորման նոր հայեցակարգ: Նա մանրամասն պատմել է այդ ուղղությամբ հանձնաժողովի մաքսային բլոկի կողմից իրականացվող համալիր աշխատանքների մասին։


2020 թվականի վերջից հանձնաժողովը սկսել է էլեկտրոնային առևտրի ապրանքների տեղափոխման կարգավորման համար միության Մաքսային օրենսգրքում փոփոխությունների փաթեթի ձևավորումը։ Այս աշխատանքը շարունակվում է։ Այժմ ԵԱՏՄ երկրներն ավարտում են նախապատրաստված փաստաթղթերի ներպետական համաձայնեցումը։


«Մենք մենակ չենք կարգավորման օպտիմալ ձեւաչափ գտնելու փորձերում։ Ամբողջ աշխարհում տեղի է ունենում էլեկտրոնային առեւտրի ավելի լավ կարգավորման մոտեցումների ձեւավորում, ինչն էլ պայմանավորում է փորձերի եւ պիլոտային նախագծերի առկայությունը», – ընդգծել է Սերգեյ Վլադիմիրովը:


ԵՏՀ ներկայացուցիչը նշել է, որ Միության նոր մաքսային օրենսդրության ձևավորումը հիմնված է միջազգային ստանդարտների վրա, մասնավորապես Համաշխարհային մաքսային կազմակերպության անդրսահմանային էլեկտրոնային առևտրի շրջանակային չափորոշիչների վրա, որոնց մշակմանը հանձնաժողովը նույնպես ակտիվ մասնակցություն է ունեցել: