Կեղծ պատվաստումների մասին ահազանգ չլսեմ, ձերբակալեք, կալանավորեք. Փաշինյանի հանձնարարականը
Հայաստանի իշխանությունները հայտարարել են կեղծ պատվաստումների դեմ պայքարի խստացման մասին: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության հոկտեմբերի 7-ի նիստում հանձնարարեց ոստկանությանն ու ԱԱԾ-ին խիստ միջոցներ ձեռնարկել պատվաստումային գործընթացում օրենք խախտողների նկատմամբ:
Նա հանձնարարեց ձերբակալել կորոնավիրուսի դեմ կեղծ պատվաստումներ իրականացնողներին:
«ԱԱԾ-ին եւ ոստիկանությանը. Կեղծ պատվաստումների մասին ահազանգ չլսեմ, ձերբակալեք, կալանավորեք: Էդ բժիշկները, որոնք օգտվում են առիթից չպատվաստելու մարդկանց եւ պատվաստանյութը փչացնելու համար, շատ խիստ միջոցներ է պետք ձեռնարկել: Ես դիմում են դատախազին եւ քննչական մարմիններին»,- ընդգծեց վարչապետը:
Հայաստանում հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 1309 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 268672 դեպքի: Փաստացի այս պահին բուժվում է 15722 պացիենտ: Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 26 քաղաքացի, մահացածների թիվը 5466 է:
ՀՀ առողջապահության նախարարության տվյալներով, COVID-19-ի դեմ պատվաստումների մեկնարկից ի վեր` հոկտեմբերի 4-ի դրությամբ, կատարվել է 517047 պատվաստում, որից առաջին դեղաչափ` 352600, երկրորդ դեղաչափ` 164447 (5,6 տոկոս)։
Երկու դեղաչափով պատվաստված բնակչության ցուցանիշով Հայաստանը մեծ տարբերությամբ զիջում է Հարավային Կովկասի մյուս երկրներին՝ Վրաստանին (22,3 տոկոս) և Ադրբեջանին (39 տոկոս):