Հայաստանում արդարության ճգնաժամ է, այն թե՛ ներքաղաքական է, թե՛ տարածաշրջանային: Այս մասին Ծաղկաձորում ընթացող Հայաստանի Հանրապետական կուսակցության «Հանրապետականներ. շարունակական բարեփոխումներ» խորագրով համաժողովի ժամանակ հայտարարեց ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը:
Նրա խոսքով, անարդար է, երբ պատերազմի մունետիկ ու պարտության պատճառ կապիտուլյանտն իր արկածախնդրության և աղետաբեր քաղաքականության համար դեռ չի պատժվել օրենքի շրջանակներում և չի արժանացել հետպատերազմյան շոկը չհաղթահարած մեր ժողովրդի անեծքին։
«Անարդար է, երբ ագրեսիայի հետևանքով հազարավոր կյանքեր խլելուց և բազմահազար հայերի հայրենազրկելուց հետո, այժմ մեզ փորձում են թելադրել, այսպես ասած, «խաղաղասիրական» օրակարգ։
Անարդարությունից չի կարող ծնվել ո՛չ ներքին կայունություն, ո՛չ էլ արտաքին խաղաղություն»,- ասաց նա։
Օգտվելով առիթից՝ Սերժ Սարգսյանն անդրադարձավ նաև Ադրբեջանի ղեկավարի վերջին հայտարարություններին, որոնք նվիրված էին թե՛ ինձ, թե՛ Հայաստանին։
"Բոլորդ գիտեք, որ Կովկասում իրեն տղամարդ համարող անձը անգամ իր հակառակորդի հետևից չի խոսում, չի բամբասում, չի աքլորանում։ Իսկ թե ինչպես էր ժամանակին իրեն պահում Իլհամ Ալիևը իմ ներկայությամբ, ոչ միայն ես եմ դա շատ լավ հիշում, այլև Մինսկի խմբի համանախագահները և նրանց երկրների ղեկավարներն են հիշում:
Եթե ինչ-ինչ ուժեր քեզ սկուտեղի վրա նվեր են մատուցել, ապա հիշիր, որ և՛դու, և՛ հայրդ պարտվել եք Հայաստանի նախորդ երեք նախագահներին՝ թե՛ ռազմի, թե՛ դիվանագիտության դաշտերում։
Դու բոլորից լավ գիտես, որ եթե չլիներ 2018 թվականի` դրսի ուժերի մեծ օժանդակությամբ Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունը, ապա դու քո ականջի հետևը ավելի շուտ կտեսնեիր, քան Շուշին ու Հադրութը:
Արցախի հարցը լուծված չէ, քանի դեռ հստակեցված չէ Արցախի կարգավիճակի հարցը և քանի դեռ արցախահայության անվտանգությունը լրջագույն սպառնալիքի տակ է ամեն օր և ամեն ժամ:
Ուզում եմ հույս հայտնել, որ հայ ժողովուրդը չի մոռացել իր արժանապատվության և իրավունքների մասին, չի մոռացել իր հազարամյա պատմության դառը դասերը և հետևություններ կանի, քանի դեռ ուշ չէ։
Պարտության և դավաճանության խարանն այլևս հավերժ կրող իշխանությունները մեզ փորձում են ներկայացնել որպես պատերազմի հրձիգներ`հանրության շրջանում բորբոքելով նոր պատերազմի հետ կապված վախեր։
Ուզում եմ մեկ անգամ ևս հայտարարել` մենք պատերազմի կուսակցություն չենք, մենք պատերազմ չենք ուզում, քանզի անցել ենք Արցախյան բոլոր պատերազմներով, քանզի ինքներս էինք պատրաստ և հիմա էլ պատրաստ ենք ցանկացած զոհողության, այլ ոչ թե հիմար որոշումների և բորբոքված մեծամտության արդյունքում մարդկանց տանել մահվան բերան։
Կապիտուլյանտները նոյեմբերի 10-ից ժողովրդին խաղաղությամբ են կերակրում, այնինչ այդ օրվանից մինչ այսօր մենք շարունակում ենք կորուստներ կրել՝ մարդկային, տարածքային, բարոյական, անվտանգային։ Մենք դեմ ենք նոր պատերազմին։ Ջախջախված բանակով, մսխված սպառազինությամբ, քայքայված պետական ինստիտուտներով ի՞նչ պատերազմ։
Մենք հո՞ խելագար չենք:
Երբ շարունակում ենք պնդել, որ Արցախը չպետք է լինի Ադրբեջանի կազմում, մենք շեշտում ենք, որ նախ պետք է վերականգնենք մեր անվտանգային և դիվանագիտական ներուժը, վերագործարկենք պետական կառույցները, ժողովրդին վերադարձնենք հավատն ու արժանապատվությունը։
Ուստի, մեր խնդիրն է`առավելագույն ջանքեր գործադրել և նպաստել երկրի ներսում ու երկրի շուրջ արդարության վերականգնմանը և Հայաստանի Հանրապետության հեղինակության բարձրացմանը",- ասաց Սարգսյանը: