Հայաստանի Կենտրոնական բանկը թողարկել Է ԱՊՀ 30-ամյակին նվիրված հուշադրամ
ՀՀ կենտրոնական բանկը 2021 թվականի հոկտեմբերի 1-ից շրջանառության մեջ է դնում «Անկախ Պետությունների Համագործակցության 30-ամյակ» արծաթե հուշադրամը:
Անկախ Պետությունների Համագործակցությունը (ԱՊՀ) միջպետական միավորում է, որը հիմնադրվել է 1991 թ. դեկտեմբերի 8-ին՝ Բելառուսի, Ռուսաստանի և Ուկրաինայի ղեկավարների կողմից ԱՊՀ ստեղծման մասին Համաձայնագրի ստորագրմամբ: Համաձայնագրով հիմնվելով ժողովուրդների պատմական միասնության և նրանց միջև կապերի վրա, հաշվի առնելով պետությունների մտադրությունը՝ զարգացնելու իրենց հարաբերությունները պետական ինքնիշխանության փոխադարձ ճանաչման և հարգանքի հիման վրա, կողմերը պայմանավորվեցին ԱՊՀ կազմավորման շուրջ:
Ներկայում ԱՊՀ անդամներն ինը պետություններ են, որոնց համատեղ գործունեության հիմնական ուղղություններն են տնտեսական ինտեգրումը, հումանիտար, քաղաքական, իրավական և անվտանգության մարմինների ոլորտային համագործակցությունը, միասնական տեղեկատվության հարթակի ձևավորումը:
ԱՊՀ-ն հիմնված է անդամ պետությունների ինքնիշխանության հավասարության սկզբունքների վրա և ծառայում է այդ երկրների միջև բարեկամության, բարիդրացիության, ազգամիջյան ներդաշնակության, վստահության, փոխըմբռնման և փոխշահավետ համագործակցության ամրապնդմանը:
Հուշադրամի տեխնիկական չափանիշները
Անվանական արժեքը - 1000 դրամ
Մետաղը/հարգը արծաթ - 9250
Քաշը - 33,6 գ
Տրամագիծը - 38,61 մմ
Որակը - պրուֆ
Դրամաշուրթը - ատամնավոր
Թողարկման քանակը - 500 հատ
Թողարկման տարեթիվը - 2021
Դիմերես՝ ՀՀ զինանշանը, խաղողի ողկույզ՝ ԱՊՀ անդամ պետությունների քանակը խորհրդանշող հատիկներով, հայկական զարդանախշ:
Դարձերես՝ ԱՊՀ պատկերանիշը:
Էսքիզների հեղինակներ` Էդուարդ Կուրղինյան (դիմերես), Լուսինե Լալայան (դարձերես):
Հուշադրամը հատվել է Լիտվայի դրամահատարանում: