22.11.2024
Իբլիդում իրավիճակը սրվում է. դա Թուրքիայի համար կենսական հարց է. Դանիելյան
prev Նախորդ նորություն

Մամուլ. Լիլիթ Մակունցի գործերը լավ չեն

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Հրապարակ» թերթը գրում է. «Մենք գրել էինք, որ ՀՀ դեսպաններին սեպտեմբերի 21-ի նախօրեին հրահանգել էին անկախության տոնի ընդունելություններ չանել, բացառությամբ ԱՄՆ-ում ՀՀ նորանշանակ դեսպան Լիլիթ Մակունցի, ով սեպտեմբերի 30-ին Վաշինգտոնում ՀՀ դեսպանությունում գունագեղ ընդունելություն է հրավիրել` նվիրված անկախության 30-ամյակին: Հրավիրվել են հայ համայնքի այն անդամները, որոնք յուրային են եւ տհաճ անակնկալներ չեն մատուցի համայնքի կողմից չընդունվող դեսպանին: Մեզ տեղեկացրին, որ Մակունցը չի կարողանում լեզու գտնել հայ համայնքի, ինչպես նաեւ Հայ դատի գրասենյակի հետ եւ լուրջ խնդիրների է բախվել: Նրան համայնքը մերժում է, իսկ նման պայմաններում լավ աշխատանքը բացառված է: Մակունցին փորձում է աջակցել Արսեն Խառատյանը, բայց նա էլ բարձր հեղինակություն չունի համայնքում, նրա առաջարկած «լրատվական աջակցությունը» ցանկալի արդյունք չի տալիս: Չնայած որոշ համայնքային կառույցների ներկայացուցիչներ գաղտնի հանդիպել են Մակունցի հետ, բայց դա թաքցնում են՝ վախենում են, որ Մակունցին ուղղված մերժմանն իրենք էլ կարժանանան: 2018-ի էյֆորիայից ամերիկահայ համայնքում գրեթե հետք չի մնացել»:


«Իրավունք» թերթը գրում է. «Ըստ մեզ հասած լուրերի` Հայաստանում վարչապետ աշխատող Նիկոլ Փաշինյանը կրկին սարսափահար է: Բանն այն է, որ վերջինս ավելի է ուժեղացրել իր իսկ անվտանգությունը: Հավանաբար բոլորս հիշում ենք, որ 44-օրյա պատերազմից հետո Նիկոլ Փաշինյանը, ըստ մամուլում առկա տեղեկությունների, արդեն իսկ ուժեղացրել էր իր անվտանգությունը, սակայն թե հիմա ինչու է նա կրկին վախեցել, հայտնի չէ»:


«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ-ում ուզում են վերջնականապես փակել ԱԺ պաշտպանության հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում Արթուր Ղազինյանի հավակնությունների հարցը եւ որոշել են դա անել ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխություններով` սահմանափակելով հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում նույն անձի առաջադրումը։ Նույն թեկնածուին հնարավոր կլինի առաջադրել, դիցուք, միայն 3 անգամ։ Գործող կանոնակարգով՝ սահմանափակում չկա, եւ ընդդիմությունը կարող է իր թեկնածուին 5 օրը մեկ առաջադրել: Իսկ այս փոփոխությամբ իշխանությունը կստիպի ընդդիմությանը փոխել թեկնածուին եւ առաջադրել նրան, ում ինքն է ուզում։ Հիշեցնենք․ երեկ 5-րդ փորձն էլ տապալվեց՝ ՔՊ-ն Ղազինյանին չընտրեց, իսկ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը մեկ անգամ եւս հիշեց, թե ինչպես էր Ղազինյանը շիշը նետում Փաշինյանի կողմը։ Իսկ Արթուր Ղազինյանն առաջարկեց հանձնաժողովի կազմում ստեղծել ենթահանձնաժողով, որը կպարզի հոկտեմբերի 7-ին պատերազմը չկանգնեցնելու պատճառները եւ որոշման մասնակից անձանց շրջանակը։ «Մեր ժողովուրդն իրավունք ունի իմանալ՝ հանուն ում եւ հանուն ինչի են զոհվել 3 հազար 600-ից ավելի մեր զինվորները»,- ասաց նա: Անդրանիկ Քոչարյանը մերժեց այդ հարցն օրակարգ ներառելու առաջարկը՝ առաջարկելով հարցը քննարկել արտահերթ նիստով»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. 44-օրյա պատերազմի հանգամանքները քննելու համար քննիչ հանձնաժողով ստեղծելու անհրաժեշտության մասին թե՛ ընդդիմությունը, թե՛ իշխանությունը բարձրաձայնում են նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից անմիջապես հետո: Չնայած ընդդիմադիրների ու փորձագետների խորհուրդ-հորդորներին, թե ավելի ճիշտ կլինի պարիտետային հանձնաժողով ձեւավորել, իշխանությունը տեղի չտվեց ու Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի շուրթերով հայտարարեց՝ հանձնաժողովը ձեւավորվելու է խորհրդարանի համապատասխան՝ Պաշտպանության ու անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի հիման վրա: Իշխող թիմը չի թաքցնում, որ ստեղծվելիք հանձնաժողովի նախագահն Անդրանիկ Քոչարյանն է լինելու, որը, ըստ «Ժողովուրդ» օրաթերթի ունեցած տեղեկությունների, անձամբ է որոշում, թե քննիչ հանձնաժողովի կազմում իշխանության քվոտայով ովքեր են ներկայացված լինելու:  Փաշինյանն ու թիմակիցները, որ զօրուգիշեր հայտարարում են, թե քննիչ հանձնաժողովը վերերկրային մի կառույց է լինելու, քննելու եւ բացահայտելու է պատերազմի հետ կապված ամեն մի դրվագ՝ իր վրա վերցնելով թե՛ քննիչի, թե՛ դատավորի ու դատախազի գործառույթները, կարծես մոռանում են՝ ըստ իրավական նորմերի՝ ենթադրյալ հանցագործն իրեն վերագրվող հանցագործության վարկածները քննելու իրավունք չի ունենում:


Անդրանիկ Քոչարյանը, պատերազմի ժամանակ հույժ կարեւոր պաշտոն զբաղեցնելով, փաստորեն պետք է ոչ միայն իր, այլ իր ներկայացրած քաղաքական թիմի քայլերն ու դրանից բխած սխալները, բացթողումները քննի: Դա ակնհայտորեն կարող է կաշկանդել պաշտոնյային հանգամանքներն առավել մանրամասն ու համակողմանի քննել: Վերոնշյալ դիտարկումն իրավաօրենսդրական նորմերով իհարկե չի կարգավորում, ու այն ավելի շատ քաղաքական տիրույթում է, բայց թույլ է տալիս եզրակացնել, որ իշխանությունը պատերազմի հետեւանքները քննող քննիչ հանձնաժողովի նախագահությունը ո՛չ ընդդիմությանը, ո՛չ էլ մեկ այլ՝ փոքրիշատե չեզոք անհատի չի ուզում զիջել: Քոչարյանի գլխավորությամբ, հիշեցնենք, նաեւ Ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքներն էին ուսումնասիրվել: Հանձնաժողովի աշխատանքների ընթացքում արդեն բացահայտվել էին որոշ միֆեր, որոնք իշխանությանը, մեղմ ասած, ձեռնտու չեն, մասնավորապես՝ թե պատերազմի ժամանակ զինվորները սոված են եղել, խոտ են կերել կամ բահերով են կռվել, տանկերում ջուր է լցված եղել. այս ամենը հենց զինվորներն էին հերքել: Հարց է առաջանում՝ իշխանությունն այժմ ինչպե՞ս է 44-օրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրություն անելու, եթե նախկինի փորձը ցույց տվեց, որ հանձնաժողովում ներառված, ռազմական գիտելիքներ գրեթե չունեցող, բանակում չծառայած պատգամավորները «Ապրիլյանի» հանձնաժողովում որեւէ օգուտ չէն տվել, քաղաքական հանձնարարականները տգեղ կատարելուց բացի»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ պաշտպանության նախարարության ղեկավար կազմում այս օրերին ակտիվ քննարկվում է հարցը, որ անհրաժեշտություն կա վերադառնալ կառավարման հին կարգերին, այն է՝ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբը եւ Պաշտպանության նախարարությունը միացնեն իրար: ԳՇ ներկայիս պետ Արտակ Դավթյանն այդ միավորման արդյունքում անգործ չի մնա. նա կնշանակվի ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ: Ավելին, մեզ հասած լուրերի համաձայն՝ Արշակ Կարապետյանը այս փոփոխությունների ֆոնին որոշել է փակել մի շարք վարչություններ:  «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այդ վարչություններից մեկը ՀՀ ՊՆ վերահսկողության վարչությունն է: ՊՆ-ում կարծիք է հնչել, որ Ռազմական ոստիկանությունը եւ քննչական մարմինները բավական են զորմասերում ստուգումներ անելու համար, եւ այս վարչությունը ավելորդ է իր գործառույթներով»:


«Իրավունք» թերթը գրում է. «Իրավունքի» ունեցած տեղեկությունների համաձայն` Ազատական կուսակցության նախագահ, գեներալ-լեյտենանտ Սամվել Բաբայանը մտադիր է առաջիկա ՏԻՄ ընտրությունների վճռորոշ օրերին մեկնել Մեղրի` տեղում իրավիճակը վերահսկելու համար: Հիշեցնենք, որ տեղի համայնքային ընտրություններին Ազատական կուսակցությունն առաջադրել է Խաչիկ Անդրեասյանի թեկնածությունը, որը համարվում է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուի հիմնական մրցակիցը»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկար քննարկումներից հետո որոշել է, թե իր հետ քայլած, հեղափոխություն իրականացրած Մխիթար Հայրապետյանը ինչ պաշտոն պետք է զբաղեցնի: Իշխանական մեր աղբյուրները փոխանցում են, որ տեւական ժանանակ լարվել էին Փաշինյանի եւ Հայրապետյանի փոխհարաբերությունները այն բանից հետո, երբ Մխիթար Հայրապետյանը հայտարարեց, որ ինքը չի ցանկանում օրենսդիր մարմնում մնալ, այլ պաշտոն է ուզում կառավարությունում: Ըստ մեր աղբյուրների՝ վերջերս Հայրապետյանն ակնհայտ ցույց է տվել, որ ինքը չի հանդուրժելու այդ վիճակը ու միայն ՔՊ վարչության անդամ մնալ չի ցանկանում: Ի դեպ, նշվում է, որ Հայրապետյանը հանգիստ գործ է ուզել, քանի որ կարծում է, որ իշխանական թեւը շատ սխալներ է թույլ տալիս, ու չի ցանկանում որեւէ պատասխանատվություն կիսել նրանց հետ: Երբ ս.թ. սպրիլի 14-ին՝ ԱԺ-ում հեպատերազմական մի քննարկման ժամանակ, երբ հնչեց «ապագա կա Հայաստանում» արտահայտությունը, ու ողջ «Իմ քայլը» հոտնկայս ծափահարեց, Մխիթար Հայրապետյանը չկանգնեց ու չծափահարեց. սա, կարծես թե, չի ներվում: Ու մի քանի օր առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մխիթար Հայրապետյանին հայտնել է, որ նպատակ ունի նրան «տալ» «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնը, որ զբաղմունք ունենա: Հայրապետյանը մեծ սիրով համաձայնել է «շառից-փորձանքից» հեռու մնալ ու փոխշահավետ պաշտոն է ստանձնել: Երեկ էլ «Իմ քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, վարչապետի տիկին Աննա Հակոբյանը արդեն պաշտոնապես հայտնեց, որ, խորհրդի որոշմամբ, գործադիր նոր տնօրեն է ընտրվել Հայրապետյանը»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի եւ տարածքային կառավարման նախարար Հայկ Խանումյանի հարաբերությունները սրվել են։ Հարությունյանի հրահանգով ԱՀ իրավապահները լծվել են Խանումյանի մասնակցությամբ կոռուպցիոն պատմության բացահայտման գործին, ինչը նախագահը չի թաքցնում: Նեղ շրջապատում նա ասել է, որ գործընթացին ստոպ չի տալու․ ժամանակին ընդդիմադիր Խանումյանն իրեն պատեհ-անպատեհ կոռուպցիոներ էր անվանում, հիմա հանրությունը թող տեսնի, թե ով է իրական կոռուպցիոները: Հիշեցնենք․ Արցախի դատախազությունն օրերս հաղորդեց, որ տեղահանվածների կեղծ տվյալներ ներկայացնելով՝ Արցախի մի հյուրանոց պետությունից հափշտակել է 19,5 մլն դրամ գումար, բնակարան չունեցող անձանց փոխհատուցումները։ Մենք գրել էինք, որ խոսքը «Սոֆիա» հյուրանոցի մասին է, բայց խնդիրը ոչ թե հյուրանոցն է, այլ տեղահանվածների խնդրով զբաղվող ԱՀ տարածքային կառավարման նախարարությունը` ի դեմս նախարար Հայկ Խանումյանի, քանի որ այս նախարարությունն է իրականացնում վերահսկողությունը եւ որոշում շահառուների շրջանակը, եւ ոչ մի հյուրանոց չի կարող տվյալներ կեղծել։ Որոշ տեղեկություններով, գործընթացն իրականացվել է Խանումյանի օգնական ոմն Անգելի միջոցով, որը նաեւ պատերազմի մասնակից է։ Մեզ ասացին նաեւ, որ կիրակի օրը Խանումյանն ու Հարությունյանը հանդիպել են: Թե ինչ են խոսել՝ մանրամասներ հայտնի չեն։ Սակայն խորհրդանշական է, որ երեկ Խանումյանի ղեկավարած նախարարությունը հաղորդագրություն տարածեց, կոչ անելով դատախազությանը եւ Քննչական կոմիտեին՝ «չվերածվել դեղին մամուլի մասնաճյուղերի»: Ոմանք տպավորություն էին ստացել, որ Հարությունյանն ու Խանումյանը հաշտվել են եւ որոշել ջրել գործը՝ քավության նոխազ դարձնելով իրավապահներին։ Հիշեցնենք․ սորոսական Խանումյանի նշանակման միջնորդը եղել է Փաշինյանը, հավանաբար, Հարությունյանը Հայաստանից դրական ազդակ չի ստացել նրան նեղելու հարցում»:


«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հասարակ քաղաքացուն պարտադրում են պատվաստվել, իսկ պետական պաշտոնյաներին՝ ոչ։ Հասկանո՞ւմ եք, սա արդեն բավարար հիմք է, որպեսզի քաղաքացու մոտ արթնանա ինքնասիրության զգացողությունը: Քաղաքացին պիտի ոտքի կանգնի ու հարց տա՝ լավ, ինչո՞ւ նա՝ ոչ, ես՝ այո։  Պարտադիր պատվաստվելը ո՞րն է։ Մենք չենք ասում՝ թող չպատվաստվեն, ասում ենք՝ մի ստիպեք մարդկանց։ Շանտա՞ժ են անում: Բա էդ շանտաժն ինչո՞ւ ուսանողների դեպքում չգործեց, որովհետեւ վախեցան ուսանողության ցասումից»,- ասում է առողջապահության նախարարության շենքի դիմաց երեկ բողոքի ակցիա անող իրավաբան Էմիլ Մարկոսյանը։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթը տեւական ժամանակ է, ինչ մարզերի բնակիչներից հեռախոսազանգեր է ստանում այն մասին, որ իրենք ցանկանում են պատվաստվել չինական կամ «Սպուտնիկ V» պատվաստանյութերով, սակայն իրենց տարածքային պոլիկլինիկաներում դրանք չկան, «Աստրա Զենեկա» են հիմնականում առաջարկում: Այսինքն՝ մարզային բուժհաստատությունները ոչ բոլոր պատվաստանյութերով են հագեցած:Մեզ են դիմել նաեւ Գեղարքունիքի, Սյունիքի, Լոռու մարզերի բնակիչները, որոնց խոսքերով՝ իրենց տարածքային ամբուլատորիաներում առկա է միայն «Աստրա Զենեկա» պատվաստանյութը, որի նկատմամբ բնակչությունը վստահություն չունի: Թե երբ բուժհաստատությունները կստանան մյուս պատվաստանյութերը, հայտնի չէ: Օրինակ՝ Լոռու մարզի Արեւաշողի առողջության պահպանման կենտրոնի աշխատողը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում անկեղծացավ՝ նշելով, որ բնակիչները հիմնականում պահանջում են իրենց պատվաստել չինական պատվաստանյութով, որը չկա, վերջացել է. «Որոշների մոտ արդեն ժամանակն է երկրորդ դեղաչափը ստանալու, բայց չունենք ու չգիտենք, թե երբ ենք ստանալու»: