Վրաստանի վարչապետն առաջարկել է ստեղծել «Խաղաղ հարևանության նախաձեռնություն»
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին առաջարկել է ստեղծել «Խաղաղ հարևանության նախաձեռնություն»՝ Սևծովյան տարածաշրջանում կայունություն ապահովելու համար:
«Աշխարհաքաղաքական տեսանկյունից Սև ծովի տարածաշրջանի նշանակությունը մեծանում է: Սա հակամարտության կառավարման միկրոշախարհ է: Եթե այստեղ հնարավոր լինի պահպանել խաղաղությունն ու կայունությունը, նույնը հնարավոր կլինի հասնել մեկ այլ վայրում: Հետևաբար, մեր նպատակն է ապահովել խաղաղություն և կայունություն ամբողջ տարածաշրջանում: Հարավային Կովկասում մենք առաջարկում ենք խաղաղ հարեւանության նախաձեռնություն՝ մեր տարածաշրջանում կայունություն ապահովելու համար», - ասել է Իրակլի Ղարիբաշվիլին՝ ելույթ ունենալով Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում:
Ինչպես հաղորդում է «Նովոստի-Գրուզիան», նա նշել է, որ Թբիլիսին պատրաստ է հյուրընկալել առաջին հանդիպումը նոր հարթակի շրջանակներում:
«Այս ձևաչափը կօգնի երկխոսության ձևավորմանը և կլինի գործնական լուծում ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային խնդիրներին՝ մեր ամերիկացի և եվրոպացի գործընկերների հետ միասին: Վրաստանը պատրաստ է Թբիլիսիում անցկացնել միջազգային հանդիպում, որի ժամանակ կքննարկվեն մեր խաղաղ, բարիդրացիական նախաձեռնության հեռանկարները, որին կմիանան մեր հարավկովկասյան հարևանները և միջազգային գործընկերները»,-ասաց նա: