VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀԿ-ն նորից ռեսթարթ է սկսել՝ վերակազմակերպում, անդամների վերահաշվառում։ Առաջիկայում համագումարի են պատրաստվում, որտեղ կհրապարակեն իրենց հետագա մարտավարությունը։ Քանի որ 2018-ից հետո երբեմնի 100 հազարանոց կուսակցության շարքերը կտրուկ նոսրացել են, ՀՀԿ-ում որոշել են խստացնել անդամակցության կամ անդամ մնալու պահանջները։ Ուզում են իրենց շարքերից հեռացնել պատեհապաշտներին, որոնք անդամագրվել են բացառապես իշխանությանը մոտ լինելու համար։ Եվ այս օրերին ինչպես Երեւանում, այնպես էլ տարածքային կառույցներում ՀՀԿ անդամներից պահանջում են նորից անդամագրման դիմում գրել, որպեսզի հաստատեն ՀՀԿ շարքերում մնալու իրենց ցանկությունը։ Հավատացնում են, որ եթե իշխանափոխությունից հետո ՀՀԿ-ն զանգվածաբար լքում էին, ապա այսօր իրենց շարքերը շատ նոսր չեն, եւ ապագայի հանդեպ էլ վառ հույսեր ունեն»:
«Հրապարակ» թերթը գրում է. «ԲՀԿ-ում ակտիվ կուսակցաշինական աշխատանքներ են ընթանում, տարածքային գրասենյակներ են բացում: Չնայած կուսակցությունը չի մասնակցում հոկտեմբերի 17-ի ՏԻՄ ընտրություններին, սակայն լրջորեն պատրաստվում են նոյեմբեր-դեկտեմբերի ընտրություններին։ Վանաձորում, Ստեփանավանում թեկնածուներին որոշել են․ Ստեփանավանում ԲՀԿ տարածքային կառույցի ղեկավար Հարություն Ղարագյոզյանն է։ Իսկ հոկտեմբերին չմասնակցելու պատճառների մասին ասացին, որ ռեալ են գնահատել իրենց շանսերը եւ չեն ցանկացել օլիմպիական մասնակցություն ունենալ` ուղղակի մասնակցելու համար։ Կուսակցության անդամ, նախկին պատգամավոր Արման Աբովյանը չբացեց փակագծերը․ «Կարող եմ ասել միանշանակ, որ քննարկումներ են ընթանում նոյեմբերյան եւ դեկտեմբերյան ընտրությունների հետ կապված, առայժմ հստակ որոշում չկա, բայց դրական քննարկումներ են ընթանում»։
«Իրավունք» թերթը գրում է. «Չնայած ներկուսակցական բազմատեսակ շահերին, իշխող ՔՊ-ում որոշ բարձրաստիճան պաշտոնյաներ եւս իրար տանել չեն կարողանում: Օդում կախված լուրերի համաձայն` շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանին, հատկապես վերջին շրջանում, իր իսկ թիմակիցները սկսել են ատել: Բանն այն է, որ Ռոմանոս Պետրոսյանը սկսել է իրեն շատ գոռոզ պահել եւ բոլորին վերեւից նայել: Մեր աղբյուրը պնդում է, որ քաղաքացի Փաշինյանը հիացած է Պետրոսյանի աշխատանքով եւ ինչու ոչ, այս ամենը եւս ՔՊ-ականների մոտ մեծ խանդ է առաջացնում»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Հոկտեմբերի 3-6-ը նախատեսվում է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի առաջին պաշտոնական այցը Ռուսաստան՝ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հրավերով։ Ուշագրավ է, որ Ալեն Սիմոնյանը մոտ 20 հոգանոց պատվիրակության կազմում չի ընդգրկել որեւէ ընդդիմադիր պատգամավորի` միակուսակցական պատվիրակություն է մեկնում։ Պատվիրակության կազմում նրա մտերիմ երկու գործարարներն են` Խաչատուր Սուքիասյանն ու Գուրգեն Արսենյանը: Մեկնելու են նաեւ Վլադիմիր Վարդանյանը, ով օրերս էր Մոսկվայում ընտրությունները դիտարկում, Անդրանիկ Քոչարյանը, Սիսակ Գաբրիելյանը, Արթուր Հովհաննիսյանը, Արուսյակ Ջուլհակյանը, Ծովինար Վարդանյանը եւ աշխատակազմի ներկայացուցիչներ։ Թե ինչու ընդդիմադիրներ չեն ընդգրկվել, ԱԺ նախագահի խոսնակ Ծովինար Խաչատրյանն ասաց․ «Քանի որ սա պաշտոնական այց է` հրավիրված է ԱԺ նախագահը, պատվիրակության կազմն էլ ինքն է որոշել»: Ի դեպ, խոսնակը եւս պատվիրակության կազմում է»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Մենք արդեն գրել ենք, որ անկախության տոնի համերգը նախապես լրիվ այլ ծրագրով էր լինելու` իսկապես «գունագեղ» եւ «տաշի-տուշի» ոճի մեջ: Սակայն, մի կողմից, հանրային ընդվզումը, մյուս կողմից՝ կատարողներից շատերի՝ մասնակցությունից հրաժարվելը փոխել են կազմակերպիչների ծրագրերը: Ընդ որում, համերգի նախնական սցենարը կազմվել է դեռեւս օգոստոսի սկզբին: «Դոմինո փրոդաքշնի» ներկայացուցիչները մի շքեղ, գունավոր պորտֆոլիո են սարքել եւ այցելել հավանական մասնակիցներին` ներկայացնելով իրենց առաջարկը: Ըստ նախնական ծրագրի, տոնակատարությանը պետք է մասնակցեին Սերժ Թանկյանը` իր խմբով, Արթուր Մեսչյանը, Ռուբեն Հախվերդյանը, Տիգրան Հեքեքյանի «Փոքրիկ երգիչները»: Սակայն մի քանի օր անց պարզվել է, որ Թանկյանի խումբը չի գալու: Թանկյանը խոստացել է գոնե մենակ գալ, հետո ասել է, որ մենակ էլ չի կարող: Մասնակցելուց հրաժարվել է նաեւ Մեսչյանը` պատճառաբանելով, թե ձայնը լավ վիճակում չէ: Հեքեքյանը հենց տեղում մերժել է առաջարկը: Հախվերդյանը շատ ավելի ուշ է փոշմանել: Եվ որոշվել է դասական երաժշտությամբ ու տեխնիկական էֆեկտներով լրացնել հայտնի անձանց բացակայությունը: Սակայն, այնուամենայնիվ, պարզ չէ, թե 2 միլիոն դոլարից ավելի գումարն ինչի վրա է ծախսվել, եւ ով է հատկացրել, եթե ճիշտ են այն պնդումները, թե պետբյուջեից չէ»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ հայրենի կառավարությունը պատրաստվում է սեպտեմբերի 27-ին խորհրդարան ներկայացնել 2021 թվականի պետական բյուջեի կատարողականը: Ըստ մեր աղբյուրների՝ կատարողականը կներկայացնի ՀՀ ֆինանսների նորանշանակ նախարար Տիգրան Խաչատրյանը: Այն դեռեւս կքննարկվի ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում: Իշխանական մեր աղբյուրները փոխանցում են, որ նախարար Խաչատրյանի հետ խորհրդարան պետք է գա նաեւ ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը, Պետական եկամուտների կոմիտեի նորանշանակ նախագահ Ռուստամ Բադասյանը: Կառավարությանը մոտ կանգնած մեր աղբյուրները փոխանցում են, որ այս քննարկումը հետաքրքիր է լինելու այն առումով, որ նորանշանակ նախարար Տիգրան Խաչատրյանը պետք է ներկայացնի այն, ինչի ժամանակ ինքը ո՛չ նախարար է եղել ու ո՛չ էլ տեղյակ է, թե ինչ ծախսեր են իրականացվել ու ինչի համար: Մենք տեղեկացանք, որ Խաչատրյանին այս օրերին «պատրաստում են» այդ քննարկմանը, քանի որ խորհրդարանի ընդդիմությունը կարող է տհաճ դրության մեջ դնել նորանշանակ նախարարին: Կարելի է ասել՝ ԿԲ նախագահին էլ ուղարկում են խորհրդարան Խաչատրյանին «թիկունք» լինելու, «դուխ տալու» համար>:
«Իրավունք» թերթը գրում է. «Մամուլում վերջին օրերին ահազանգեր են հնչում, որ ՀՀ այն քաղաքացիները, որոնք այս ընթացքում մտադիր են անձնագիրը փոխել կամ նորը ստանալ, խնդրի առաջ են կանգնում. Անձնագրային եւ վիզաների վարչության տարածքային բաժանմունքներում հորդորում են սպասել` պատճառաբանելով, թե անձնագրի տպագրության համար նախատեսված թուղթը դեռ չկա: Թե ինչ է իրականում կատարվում, «Իրավունքին» որոշ տեղեկություններ են հայտնի դարձել: Պարզվում է` նախկինում անձնագրերը տպագրվում էին Հայաստանում, ընդ որում` բավական բարձր որակով, իսկ ներկա իշխանությունների օրոք ինչ-ինչ պատճառներով տպագրության պատվերներն ուղարկվում են Եվրոպա: Ըստ նույն աղբյուրների` անձնագրերը պատրաստելու բոլոր ժամկետները սպառվել են, բայց Հայաստանի Հանրապետությունը դեռ չի ստացել տպագրված հերթական քանակը: Դիմեցինք նաեւ ՀՀ ոստիկանությանը, որտեղից խնդրեցին գրավոր հղել հարցը: Այնպես որ, թե ինչո՞ւ հավուր պատշաճի չի իրականացվում անձնագրերի տրամադրումը, որտե՞ղ էին դրանք նախկինում տպագրվում եւ հիմա որտե՞ղ են տպագրվում, կներկայացնենք ոստիկանության պատասխանը ստանալուն պես: Ի դեպ, սա առաջին դեպքը չէ, երբ իշխանությունը նախընտրում է եվրոպականը` տեղականի փոխարեն, ինչի պատճառով որոշ գործարարներ, պարզապես, նախընտրում են արտագաղթել եւ գործ չունենալ Հայաստանի հետ»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ իրավապահները, մասնավորապես՝ ՀՀ քննչական կոմիտեն, այս օրերին հարցաքննության է հրավիրում ՊՆ -ում այս պահին աշխատող եւ ՊՆ-ից ազատված բարձրաստիճան պաշտոնյաներին: Մենք տեղեկացանք, որ հարցաքննությունների ժամանակ կոնկրետ 44-օրյա պատերազմի պարտության հնարավոր մեղավորների մասով են հարցադրումներ արվում: Ավելին, «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ հիմնականում հարցաքննված պաշտոնյաներին հարց է ուղղվում, թե Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի մեղքը կա արդյոք 44-օրյա պատերազմի մեջ, կամ նա ինչ քայլ է արել, որը մեզ տարել է պարտության: Նշենք, որ, մեր տեղեկություններով, բավականին շատ ցուցմունքներ կան ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի դեմ: Հավելենք, որ Գլխավոր դատախազության հսկողության ներքո քննվող ավելի քան 2 հազար պատերազմական գործերից 41-ն արդեն ուղարկվել են դատարաններ։ 44-օրյա պատերազմի ժամանակ կատարված հանցանքների համար մեղադրվում է ավելի քան 800 անձ։ 7 բարձրաստիճան զինվորական է մեղադրվում ռազմական տարբեր հանցագործությունների համար, որոնցից հայտնի է միայն Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի անունը։ Գեներալ Անդրանիկ Մակարյանը մեղադրվում է ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի համար, նրան մեղսագրվող արարքն առնչվում է հենց պատերազմին, Մակարյանը մեղքը չի ընդունում։ Դատարան ուղարկված գործերի կեսից ավելին՝ 25-ը, առնչվում է պատերազմի ընթացքում ապօրինի զենք-զինամթերք տեղափոխելուն, կա 28 ամբաստանյալ։ 7 քրեական գործ վերաբերում է ծառայության վայրն ինքնակամ լքելուն, եւս 9 անձ էլ մեղադրվում է դասալքության համար։ Մեղադրյալների մեծ մասը շարքայիններ են»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշում է, որ բանակի ղեկավար կազմի ու կռվող զորքի բալանսն անհամաչափորեն խախտված է։ Ըստ նրա՝ հաստատված նորմացույցով առաջնորդվելու փոխարեն՝ հակառակ ուղղությամբ ենք գնում։ Նախկին բարձրաստիճան զինվորականի փոխանցմամբ՝ բանակում այսօր մեծ քանակի ղեկավար կազմ, բայց շատ քիչ զինվորներ ունենք։ «Սխալ է վերաբաշխվում նաեւ բանակին տրամադրվող բյուջեն,- ասում է։- Իմ զինակից ընկերները գուցե ինձնից նեղանան, բայց իրականությունն այն է, որ բյուջեի սխալ վերաբաշխումը նույնպես կազմաքանդելու է այն, ինչ ունենք, ստեղծել ենք տարիներ ի վեր։ Բանակին տրամադրվող բյուջեն բաղկացած է 4 մասից՝ աշխատավարձ, ուսուցում, ապահովում ու զարգացում։ Առաջին երեք ճյուղերը պետք է հավասարաչափ գումար ստանան, ենթադրենք՝ 30-ական տոկոս, զարգացմանը ընդհանուր բյուջեի 10 տոկոսը պետք է տրամադրվի, բայց անգամ այդ բալանսն էլ է խախտված»։ Հակոբյանի պնդմամբ՝ բանակի բարձրաստիճան մի շարք պաշտոնյաներ այսօր ուղղակի պոպուլիզմով են զբաղված ու կարծում են, որ բանակի մարտունակությունը զինվորականին լավ սնունդ ու բարձր աշխատավարձ տալուց է կախված, այնինչ ինքը բոլորովին հակառակ պնդում է անում. «Բանակի մարտունակությունը զինծառայողի պատրաստության վիճակից, բարոյահոգեբանական բարձր հատկանիշներ ունենալուց, սպառազինված լինելուց եւ այլնից է բխում։ Ստացվում է, սակայն, որ այսօր բանակում աշխատող կամ ծառայող զինվորականներից շատերը պաշտպանական գերատեսչությունում են սոսկ աշխատավարձ ստանալու համար»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Հուլիսի 1-ից Արցախում մարտական հերթապահություն իրականացնող պայմանագրայինների աշխատավարձերի կտրուկ աճն ակտիվություն է մտցրել՝ ավելացնելով ծառայել ցանկացողների թիվը, քանի որ մոտ 350-400 հազար դրամ են ստանալու, սակայն բանակում անկազմակերպ վիճակ է․ «Ով ասես՝ փողի համար գալիս է ծառայության, անգամ ԱԱԾ, փրկարար եւ ոստիկանության աշխատակիցներն են գերադասում թողնել կաբինետային ցածր աշխատավարձը եւ մարտական հերթապահություն իրականացնել»։ Սակայն անբարենպաստ վիճակում են հայտնվել կորսված տարածքների սպայակազմերը՝ բոլորին տեղավորել չի հաջողվել»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Ռուսաստանում գտնվող ՀՀ քաղաքացիներն ընկել են անհարմար դրության մեջ. պատճառը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հունիսի 15-ի՝ Ռուսաստանում գտնվող օտարերկրյա քաղաքացիների եւ քաղաքացիություն չունեցող անձանց իրավական կարգավիճակի կարգավորման ժամանակավոր միջոցառումների մասին հրամանագիրն է։ Խոսքը օտարերկրյա քաղաքացիների ու քաղաքացիություն չունեցող անձանց մասին է, որոնք Ռուսաստան են մեկնել մինչեւ նախորդ տարվա մարտի 15-ը, այդ թվում եւ նրանց, որոնք այս տարվա հունիսի 16-ի դրությամբ չունեն ՌԴ-ում մնալու օրինական հիմքեր։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այդ քաղաքացիներին իրավական իրավիճակի կարգավորման վերաբերյալ հնարավորություն է տրվել մինչեւ այս ամսվա վերջ դիմում ներկայացնել Ռուսաստանի ներքին գործերի նախարարության տարածքային մարմիններ: Այս պատճառով Ռուսաստանի ներքին գործերի նախարարությունը կոչ է անում երկրում գտնվող օտարերկրյա քաղաքացիներին մինչեւ սեպտեմբերի 30-ը կարգավորել իրենց օրինական կարգավիճակը, հակառակ դեպքում հոկտեմբերի 1-ից դադարելու է գործել այս հրամանագրով սահմանված՝ միգրացիոն օրենսդրության խախտմամբ Ռուսաստանի տարածքում գտնվող օտարերկրյա քաղաքացիների եւ քաղաքացիություն չունեցող անձանց՝ Ռուսաստանից հարկադիր հեռացման վերաբերյալ միջոցների կիրառման ժամանակավոր արգելքը, իսկ հետագայում՝ մուտքի արգելքի, ինչպես նաեւ երկիր մուտք գործելը չթույլատրելու, ժամանակավոր կեցության ժամկետի կրճատման որոշումները: Սա նշանակում է, որ ՀՀ այն քաղաքացիները, որոնք մինչեւ սեպտեմբերի 30-ը չեն կարգավորի իրավական կարգավիճակը, հետ կվերադառնան Հայաստան»:
«Իրավունք» թերթը գրում է. «Ավելի վաղ գրեցինք, որ Նիկոլ Փաշինյանի որդի Աշոտը մեկնել է Կահիրե: «Իրավունքը» իր աղբյուրներից փորձեց պարզել, թե կրտսեր Փաշինյանն ում հետ եւ ինչ նպատակով է մեկնել Կահիրե: Ըստ մեր տեղեկությունների` վերջինս գնացել է իր հանգիստը վայելելու իր ապագա կնոջ` Անիի հետ»: