«Ավրորայի» դափնեկիրը մրցանակի 250 000 դոլարը կուղղի Արցախին, որը կկրկնապատկվի
2021-ին «Ավրորայի» դափնեկիրը մրցանակի 250 000 դոլարը (կամ 25%-ը) կուղղի Արցախի մարդասիրական հրատապ խնդիրների լուծմանը, իսկ «Ավրորայի» համահիմնադիրները կրկնապատկեն այդ նվիրատվությունը:
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը հայտարարում է, որ բարեփոխվում են մրցանակի հիմնական նպատակները։ Մասնավորապես, այսուհետ «Ավրորա» մրցանակի ֆոնդից միջոցներ կհատկացվեն նաև մարդասիրական անհապաղ օգնության համար։
«2022 թվականից սկսած մրցանակային ֆոնդի կեսն «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը կուղղի անհապաղ միջամտություն պահանջող ամենահրատապ մարդասիրական ճգնաժամերից որևէ մեկի հաղթահարմանը: Բացի այդ, այս տարի, հաշվի առնելով 2020-ի պատերազմից տուժած արցախցիների խիստ կարիքները, «Ավրորան» կառաջարկի 2021 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկրին մրցանակի 250.000 ԱՄՆ դոլարն (կամ 25%-ը) ուղղել Արցախի մարդասիրական հրատապ խնդիրների լուծմանը: «Ավրորայի» համահիմնադիրներն ստանձնում են հանձնառություն՝ կրկնապատկելու այդ նվիրատվությունը՝ գումարի չափը հասցնելով 500.000 ԱՄՆ դոլարի»,- ասված է նախաձեռնության տարածած հաղորդագրությունում։
2016 թվականից սկսած «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունն ամեն տարի 1 մլն ԱՄՆ դոլարի մրցանակ է շնորհում բացառիկ հերոսների՝ ճանաչման արժանացնելով նրանց կատարած մարդասիրական աշխատանքը: Մրցանակի դափնեկիրները շարունակում են նվիրատվության շղթան՝ գումարի 90%-ը նվիրաբերելով կազմակերպությունների, որոնք օգնում են կարիքի մեջ գտնվող մարդկանց:
2021-ի «Ավրորա» մրցանակի շնորհման արարողությունը և դրան ուղեկցող միջոցառումները տեղի կունենան Վենետիկում հոկտեմբերի 8-10-ը: