Ուկրաինայի հայ համայնքի ղեկավարը և ՀՀ դեսպանը քննարկել են հարցերի լայն շրջանակ
Կիևում՝ Ուկրաինայի Հայերի միության կենտրոնական գրասենյակում կայացել է կազմակերպության ղեկավարության և Ուկրաինայում Հայաստանի նոր դեսպանի հետ հանդիպումը:
Ինչպես տեղեկացնում է AnalitikaUA.net-ը, Ուկրաինայի Հայերի միության ղեկավար Վիլեն Շատվորյանը ողջունել է Հայաստանի Հանրապետության նորանշանակ դեսպան Վլադիմիր Կարապետյանին՝ հույս հայտնելով, որ Կիևի և Երևանի միջև համագործակցությունն ավելի կսերտանա:
«Հայ համայնքի ղեկավար Վիլեն Շատվորյանը, ներկայացնելով Ուկրաինայի Հայերի միության գործունեությունը, պատմել է նաև Հայաստանում կազմակերպության նախաձեռնությունների մասին: Մասնավորապես, 44-օրյա պատերազմի ժամանակ և դրանից հետ մասշտաբային օգնության, բարեգործական և սոցիալական ծրագրերի, ինչպես նաև առաջիկայում սքեյթ-այգու բացման մասին, որը Հայաստանի մայրաքաղաքին Ուկրաինայի Հայերի միության նվերն է»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ըստ աղբյուրի՝ հանդիպման շրջանակում քննարկվել է հարցերի լայն շրջանակ, որոնք կապված են համայնքի գործունեության, Ուկրաինայի և Հայաստանի հարաբերությունների ամրապնդման գործում դրա դերակատարման հետ:
Վլադիմիր Կարապետյանը ներկայացրել է պաշտոնական Երևանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները, երկու երկրների միջև հարաբերությունների ամրապնդման ծրագրերը: