24.11.2024
Բելառուս արգելել է երկրից հացահատիկի արտահանումը
prev Նախորդ նորություն

Այլ երկրները վերակառուցելու փորձերի դարաշրջանն ավարտվել է. Բայդեն

Աֆղանստանից ԱՄՆ-ի հեռանալը հանդիսանում է խոշոր ռազմական գործողությունների դարաշրջանի վերջը, որոնք ուղղված են այլ երկրների ուժային ճանապարհով վերակառուցմանը: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:


«Աֆղանստանի մասին որոշումը ոչ միայն Աֆղանստանի մասին է», - ասել է նա ազգին ուղղված հեռուստաուղերձում՝ զորքերի դուրսբերումը անվանելով «գթասրտության առաքելություն»:


Ինչպես հայտարարել է Սպիտակ տան ղեկավարը, Միացյալ Նահանգները կանգնած էր երկիրը լքելու կամ հակամարտության էսկալացիայի գնալու ընտրության առջեւ:


«Ապրիլին ես որոշում կայացրեցի ավարտել այդ պատերազմը։ Հաշվարկն այն էր, որ ավելի քան 300 հազար կառավարական զորքը (Աֆղանստան - խմբ.), որոնց մենք կրթել եւ զինել ենք վերջին երկու տասնամյակների ընթացքում, ամուր ուժ կլինի «Թալիբանի» դեմ նրանց քաղաքացիական պատերազմում։ Այն ենթադրությունը, որ աֆղանական կառավարությունը կկարողանա դիմակայել մինչեւ զորքերի դուրսբերման ավարտը, սխալ է եղել», - նշել է նա։


Ընդ որում, Բայդենը հավելել է, որ Վաշինգտոնը պատրաստ էր աֆղանական իշխանությունների ձախողմանը։


ԱՄՆ-ի նախագահը զորակազմի դուրսբերման գործողությունն անվանել է «աներեւակայելի հաջողված»: Հաջողվել է դուրս բերել նման ցանկություն դրսևորած ԱՄՆ բոլոր քաղաքացիներիմ։ Նրա խոսքով՝ երկրում մնում է 200-ից ոչ ավելի ամերիկացիներ։


«Նրանց համար, ովքեր մնացել են, չկա վերջնաժամկետ։ Մենք հավատարիմ ենք մնում նրանց դուրս բերելու նպատակին, եթե նրանք ցանկանան», - ասել է Բայդենը։ Նա ահաբեկիչներին սպառնացել է նոր հարվածներով։


«Մենք Աֆղանստանում այլ կենսական հետաքրքրություն չունենք, քան ամերիկյան տարածքի եւ մեր ընկերների վրա հարձակումները կանխելը։ Դա արդիական է մինչ օրս», - ասել է Բայդենը։


Օգոստոսի լույս 31-ի գիշերը ԱՄՆ-ի զինվորականները լքել են Քաբուլի օդանավակայանը՝ վերջ դնելով երկրում ամերիկյան ռազմական ներկայությանը: Մայրաքաղաքի օդանավակայանն անցել է «Թալիբանի» վերահսկողության տակ։ Շարժման ներկայացուցիչ Զաբիուլա Մուջահիդը հայտարարել է, որ ԱՄՆ-ն պարտություն է կրել և չի հասել իր նպատակներին Աֆղանստանում:


Զինյալները գրավել են երկրի գրեթե ողջ տարածքը։ Նրանց վերահսկողության տակ չգտնվող միակ նահանգը Փանջշերն է։ Այնտեղ գործող Աֆղանստանի դիմադրության ճակատի առաջնորդ Ահմադ Մասուդը հայտարարել է, որ թալիբների դեմ պայքարը կդադարի, եթե նրանք ստեղծեն ներառական կառավարություն եւ ապահովեն քաղաքացիական իրավունքների պահպանումը:


Ընդ որում, ըստ ՌԻԱ Նովոստիի աղբյուրի, աֆղանական նոր կառավարության ձեւավորման շուրջ խորհրդակցություններն ավարտվել են, իսկ առանցքային պաշտոնները զբաղեցրել են «Թալիբանի» ներկայացուցիչները: