Հրամայվել է պատասխան գործողություններ ձեռնարկել նաև խաղաղապահների տեղակայման վայրերում
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը կարգադրել է ’’համարժեք պատասխան տալ սադրանքներին’’ Հայաստանի հետ սահմանին եւ Արցախում ռուս խաղաղապահների տեղակայման վայրերում, հաղորդում է ԱՊԱ-ն:
’’Վերլուծելով հայ-ադրբեջանական պետական սահմանին եւ Ադրբեջանի Հանրապետության տարածքներում տիրող իրավիճակը, որտեղ ժամանակավորապես գտնվում է ռուսական խաղաղապահ զորախումբը, պաշտպանության նախարարը կարգադրել է անմիջապես արձագանքել հակառակ կողմի սադրիչ գործողություններին, հատուկ ուշադրություն դարձնել նյութատեխնիկական ապահովման հարցերին", - ԱՊԱ-ն մեջբերում է Հասանովի հայտարարությունը Ադրբեջանի պաշտպանության նախարարությունում կայացած ծառայողական խորհրդակցության ժամանակ:
Նա նաև համապատասխան հանձնարարականներ է տվել Արցախի գրավյալ տարածքներում զորքերի ծառայության կազմակերպման, ականներից և չպայթած զինամթերքից տարածքների մաքրման, ռազմական ենթակառուցվածքների ստեղծման, լեռնային ճանապարհների անցկացման և մշտական աշխատանքային վիճակում պահելու, ստորաբաժանումների՝ ձմռանը պատրաստվածության ապահովման ուղղությամբ: