Հայաստանը ձեռք է բերել չինական «Սինոֆարմ» պատվաստանյութի 200 հազար չափաբաժին
Հայաստանը COVID-19-ի դեմ չինական «Սինոֆարմ» պատվաստանյութի 200 հազար դեղաչափ է ստացել: Այդ մասին հայտնել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
«Կարևորելով կորոնավիրուսից պաշտպանված լինելու մեր քաղաքացիների իրավունքը՝ բանակցությունների շնորհիվ առողջապահության նախարարությունը ձեռք է բերել COVID-19-ի դեմ պատվաստանյութի նոր խմբաքանակ։
Չինական «Սինոֆարմ» պատվաստանյութի 200 հազար դեղաչափը նախատեսված է 100 հազար հոգու համար։
Պատվաստանյութը հասանելի է 18 տարեկանից բարձր բոլոր քաղաքացիների համար` առանց սահմանափակումների։
Օգտվեք առողջ լինելու Ձեր իրավունքից, պետությունը անվճար հիմունքներով բոլորի համար ապահովում է պատվաստանյութ, որը մեզ կպաշտպանի COVID-19-ի ծանր ընթացքից և մահվան ելքերից», - Անահիտ Ավանեսյանի ֆեսբուքյան գրառման մեջ։
VERELQ-ը հիշեցնում է, որ նախորդ շաբաթվա համեմատ Հայաստանում նոր տիպի կորոնավիրուսի նոր դեպքերի աճը կազմել է մոտ 35 տոկոս: Մինչդեռ պատվաստումների գործընթացի վերաբերյալ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտնեց, որ նկատվում է նաև աճի դինամիկա. օգոստոսի 16-ի դրությամբ Covid-19-ի պատվաստումների քանակը գերազանցել է 220 000-ը, որից մոտ 100 000-ը կատարվել է վերջին ամսվա ընթացքում:
Ըստ Ավանեսյանի՝ կորոնավիրուսի դեմ պատվաստումը մնում է վարակի տարածումը կանխելու առավել արդյունավետ միջոցը։ Այս մասին է վկայում այն փաստը, որ չնայած աշխարհում հիվանդացածների թվի աճին, այն երկրներում, որտեղ պատվաստումների մակարդակը բարձր է, կորոնավիրուսի հետեւանքով հոսպիտալացումների ցածր մակարդակ է գրանցվում։
Նախարարը նաև նշեց, որ համապատասխան փոփոխություններ են կատարվում և նախատեսվում է, որ ընթացիկ տարվա հոկտեմբերի 1-ից տնտեսական գործունեություն ծավալող անձինք իրենց աշխատակիցներից պետք է պահանջեն պատվաստումների մասին տեղեկանք կամ ՊՇՌ-թեսթի բացասական արդյունքը 14 օրը մեկ անգամ: