24.11.2024
Ադրբեջանը կրակել է Սոթքի ուղղությամբ, զինծառայող է վիրավորվել
prev Նախորդ նորություն

Ոստիկանները բացահայտել են Տաթեւ համայնքի նախկին ղեկավարի ապօրինությունները

Ոստիկանության ՔՈԳՎ կոռուպցիոն եւ տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում ստացված տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Սյունիքի մարզի Տաթեւ համայնքի նախկին ղեկավարը 2018-2020 թթ., օգտագործելով պաշտոնեական դիրքը, համայնքապետարանի հաշվեկշռում առկա էքսկավատորը, ժամը 15-ից՝ 20 հազար դրամով, 100 օր տրամադրել է այլ պետությունում գրանցված մի կազմակերպության, իսկ ստացած 14 միլիոն 400 հազար դրամը չի մուտքագրել համայնքապետարանի բյուջե ու յուրացրել է, ինչպես եւ վատնել է էքսկավատորի աշխատանքի համար հատկացված եւ համայնքապետարանին պատկանող 6400 լիտր դիզվառելիքը։ Այս մասին հայտնում են Ոստիկանության լրատվության ծառայությունից։


Պարզվել է նաեւ, որ Տաթեւ համայնքի նախկին ղեկավարը 2020 թվականի ամռանը նշված տեխնիկան շահագործել է իր անասնագոմի կառուցման ժամանակ։ Այդ նպատակով համայնքից դուրս է գրվել ու ծախսվել 400 լիտր դիզվառելիք, ինչպես եւ համայնքապետարանի բյուջե չի վճարվել էքսկավատորը շահագործելու համար ավագանու որոշմամբ սահմանված 500 հազար դրամը։


Պարզվել է, որ Տաթեւ համայնքի նախկին ղեկավարը, չարաշահելով պաշտոնեական լիազորությունները, անհրաժեշտ միջոցներ չի ձեռնարկել Տաթեւ համայնքի Հալիձոր, Շինուհայր ու Տաթեւ բնակավայրերում գործող, համայնքապետարանում որպես բնակելի տներ ու տնամերձ հողամասեր հաշվառված երեք տասնյակից ավելի հյուրանոցների, այդ թվում՝ իր հյուրանոցի, որպես անշարժ գույքերի գործառնական նշանակությունը փոխելու եւ համապատասխան հարկերն ու տուրքերը գանձելու ուղղությամբ, ինչի հետեւանքով պետությանը պատճառվել է խոշոր չափերի վնաս։ Բացի այդ, փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Տաթեւ համայնքի նախկին ղեկավարը, 2011-ից 2015 թվականների ընթացքում, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, խախտել է «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի դրույթները եւ կեղծ աճուրդների միջոցով իր ընտանիքի անդամների ու մտերիմների անվամբ օտարել է համայնքային սեփականություն հանդիսացող 2 տասնյակ հողամաս։ Դեպքերի առթիվ հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն։