Արմեն Սարգսյանը ծննդյան օրվա առթիվ շնորհավորել է Ուրուգվայի նախագահին
Նախագահ Արմեն Սարգսյանը ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ուրուգվայի Արեւելյան Հանրապետության նախագահ Լուիս Ալբերտո Լակալե Պոուին:
Ուղերձում ասվում է. «Հայ եւ ուրուգվայցի ժողովուրդների մեկդարյա սերտ բարեկամությունը սկիզբ է առել այն պահից, երբ Ուրուգվայը գրկաբաց ընդունեց Հայոց ցեղասպանությունից մազապուրծ հայ գաղթյալներին: Երկու ժողովուրդների միջեւ եղբայրական կապերը արմատավորվել են հազարավոր հայերի ներգաղթով, որոնք մեծ դեր են ունեցել երկրի հասարակական եւ տնտեսական զարգացման գործում։ Ուրուգվայն առաջինն էր աշխարհում, որ ճանաչեց Հայոց ցեղասպանությունը եւ կերտեց պատմություն:
Մեր երկրների միջեւ առկա ամուր գործընկերային հարաբերությունները մշտապես աչքի են ընկել փոխադարձ վստահությամբ եւ դրանք խորացնելու երկուստեք ու անկեղծ ցանկությամբ:
Հայ-ուրուգվայական փոխգործակցությանը մեծապես նպաստում են Ուրուգվայում բնակվող մեր հայրենակիցները, որոնք իրենց ներդրումն ու անգնահատելի ավանդն ունեն մեր ժողովուրդների միջեւ բարեկամության ամրապնդման եւ պահպանման գործում»։