Գյումրիում հայտնաբերվել են ՊՆ զինածառայողի ու նրա կնոջ դիերը. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
2021թ. օգոստոսի 7-ին՝ ժամը 16:15-ին, ահազանգ է ստացվել այն մասին, որ Գյումրի քաղաքի Ալավերդյան փողոցի տներից մեկի բակից լսվել է պայթյունի ձայն: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից։
Անմիջապես դեպքի վայր է մեկնել է քննչական խումբը եւ նշված տան բակում հայտնաբերել Գյումրի քաղաքի բնակիչ, ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող, կապիտան, 1986թ. ծնված տղամարդու եւ վերջինիս հղի կնոջ՝ Գյումրի քաղաքի 1992թ. ծնված բնակչուհու դիերը՝ նռնակի պայթյունին բնորոշ հետքերով եւ վնասվածքներով:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության տասներորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով եւ 235-րդ հոդվածի 1-ին մասով:
Կատարվել են անհետաձգելի քննչական եւ այլ դատավարական գործողություններ, այդ թվոմ՝ դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել է նռնակի պայթուցիչի նմանվող առարկա՝ նռնակի թողարկման լծակ, պայթուցիչի օղակ, ինչպես նաեւ՝ մարդկային պտուղ: Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են մի շարք փորձաքննություններ:
Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական եւ այլ դատավարական գործողություններ՝ դեպքի իրական հանգամանքները պարզելու, օբյեկտիվ եւ բազմակողմանի քննություն ապահովելու ուղղությամբ: