Զոհրաբյանը կոչ է արել ԵԽԽՎ-ին վերսկսել մոնիթորինգի գործընթաց Թուրքիայի հանդեպ
Թուրքական քաղաքականությունն իր դեմքը չի փոխել 1915 թվականից: Այս մասին ասված է ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանի՝ ԵԽԽՎ քարտուղարությանը հանձնված ելույթի տեքստում:
Պատվիրակը ելույթում նշել է, որ այն, ինչ այսօր կատարվում է Թուրքիայում՝ մարդու իրավունքների և խոսքի ազատության հետ կապված, այլ կերպ, քան ազատ անկում դեպի վերջնական ավտորիտարիզմ, դժվար է որակելը։ Մինչ թուրքական իշխանությունները կռիվ են տալիս ԵՄ-ի հետ և կոչ են անում անարգանքի սյունին գամել Մեծ Բրիտանիայի վարչապետին, ով հայտարարել է, որ ժողովրդավարության ներկա մակարդակով Թուրքիան 3000 թվականից շուտ չի կարող մտածել ԵՄ անդամության մասին, Թուրքիայում, նշել է Զոհրաբյանը, շարունակվում են մարդու իրավունքների համատարած ոտնահարումներն ու ազատ խոսքի հանդեպ հրապարակային հաշվեհարդարները։
«Միայն անցած տարի և այս տարվա առաջին ամիսներին մոտ հազար լրագրողի ազատել են աշխատանքից, լրատվամիջոցների հանդեպ կես միլիոն դատական գործ է հարուցվել, 156 լրագրող ձերբակալվել է, 28-ը հայտնվել է բանտում: Վերջին մի քանի ամիսներին լրատվամիջոցների և լրագրողների նկատմամբ 200 հարձակում է տեղի ունեցել, բազմաթիվ լրագրողների մեղադրանք է առաջադրվել նախագահին վիրավորելու համար: Մահափորձ է իրականացվել «Ջումհուրիեթ» թերթի խմբագիր Դյունդարի նկատմամբ։ Հիշեցնեմ, որ «Ջումհուրիեթը» տեղեկատվություն էր հրապարակել այն մասին, թե ինչպես է Թուրքիայի Ազգային հետախուզական ծառայությունը բեռնատարներով զենք մատակարարում Իսլամական պետության ահաբեկիչներին։ Այսօր Թուրքիայում փակվելու վտանգի տակ են «Զաման» և մի քանի այլ պարբերականներ ևս։ Թուրքիայում համատարած արգելափակվում են ինտերնետ կայքերը. այս պահին 110 000 արգելափակված կայք կա»,- թվարկել է Նաիրա Զոհրաբյանը։
Նա նաև նշել է, որ Թուրքիայի խորհրդարանում էլ ազատ խոսքի համար պատգամավոր են ծեծում և ահաբեկում, ինչպես եղավ Մեջլիսի հայազգի պատգամավոր Կարո Փալյանի հանդեպ։ Այն պահից, երբ Էրդողանը ստացավ երկրի նախագահի մանդատը, մինչ օրս նորին գերազանցություն նախագահին վիրավորելու համար մոտ 2000 քաղաքացու դեմ քրեական գործ է հարուցվել։
«Այս ամենը միջնադարյան ինկվիզիցիա է հիշեցնում՝ վհուկների որս բոլոր նրանց հանդեպ, ովքեր համարձակվում են խոսել Թուրքիայում մարդու իրավունքների եւ ազատ խոսքի իրավունքի մասին։ Այս ամենը շարունակությունն է «Ակօս» թերթի հայազգի խմբագիր Հրանտ Դինքի սպանության, այս ամենը շարունակությունն է մի պետության քաղաքականության, որը իր դեմքը չի փոխել 1915 թվականից, երբ 1,5 միլիոն անմեղ հայ դարձավ ցեղասպանության զոհ։ Եվ ահա այս դեմքով Թուրքիան որոշել է դառնալ ԵՄ անդամ։ Ավելի մեծ զավեշտ դժվար է պատկերացնելը։ Եվ այսօր ես կոչ եմ անում Վեհաժողովին վերսկսել մոնիթորինգի գործընթաց Թուրքիայի հանդեպ, քանի դեռ թուրքական բանտերը ամեն ժամ լցվում են մարդկանցով, ովքեր համարձակվում են ունենալ սեփական կարծիք և այն արտահայտելու խիզախություն»,-հավելել է Նաիրա Զոհրաբյանը։