24.11.2024
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 233 նոր դեպք. 10 մարդ մահացել է
prev Նախորդ նորություն

Հայ-ադրբեջանական սահմանին ռուս սահամանապահների տեղակայման հարցը կդիտարկվի. Փաշինյան

Ադրբեջանի փորձերը՝ ցույց տալ, թե Հայաստանը դեմ է սահմանների դելիմիտացիա և դեմարկացիա սկսելու գործընթացին, որևէ կապ չունեն իրականության հետ: Ընդհակառակը՝ մենք կողմ ենք, ավելին՝ նման գործընթաց մեկնարկելու, տարածաշրջանում կայունություն և խաղաղություն հաստատելու մանդատ ենք ստացել սեփական ժողովրդից:  Այս մասին կառավարության այսօրվա նիսի մեկնարկին հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:


Նա նշեց, որ դեռևս մայիսի 27-ի Անվտանգության խորհրդի նիստում բարձրաձայնել է  պատկերացումները սահմանագծման և սահմանզատման աշխատանքների մեկնարկի վերաբերյալ: Դրանք հետևյալն են՝ Սոթք-Խոզնավար հատվածում հայ-ադրբեջանական սահմանային գծից թե՛ հայ, թե՛ ադրբեջանական զորքերի հետքաշում, սահմանային գծի երկայնքով Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորքերի հենակետերի տեղադրում և սահմանային գծի մոնիթորինգ, ապա սահամանազատման աշխատանքների մեկնարկ, ինչին մեր պատրաստակամությունը հայտնել ենք բազմիցս:


"Առկա իրավիճակը հաշվի առնելով՝ կարծում եմ, որ իմաստ ունի դիտարկել հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով ռուս սահամանապահների հենակետերի տեղակայման հարցը, ինչը հնարավորություն կտա սահմանազատման և սահմանագծման աշխատանքներն իրականացնել առանց ռազմական բախումների ռիսկի: Համենայնդեպս՝ այս թեման պատրաստվում ենք քննարկել մեր ռուսաստանցի գործընկերների հետ",- ասաց նա:


Փաշինյանը նաև ընդգծեց, որ համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ստացած մանդատի՝ իրենց կառավարությունը պատրաստվում է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները մեր տարածաշրջանի անվտանգությունը, խաղաղությունն ու կայունությունը ապահովելու համար:


"Այս գործընթացներն իրականացնելիս մեր կառավարությունը գործելու է Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից ստացած մանդատին համապատասխան",- հավելեց վարչապետի պաշտոնակատարը: