24.11.2024
Հայ-ադրբեջանական սահմանին ռուս սահամանապահների տեղակայման հարցը կդիտարկվի. Փաշինյան
prev Նախորդ նորություն

Փաշինյան. Ադրբեջանը փորձում է խափանել տարածաշրջանային կոմունիկացիաների բացման թեման

Ի հեճուկս Հայաստանի Հանրապետության կառավարության և միջազգային հանրության գործադրած ջանքերի՝ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանագծի երկարությամբ չի կայունանում: Ադրբեջանը շարունակում է ագրեսիվ հռետորաբանության և գործողությունների գործադրումը՝ միևնույն ժամանակ անպատասխան թողնելով իրադրության քաղաքական և երկարաժամկետ կարգավորմանն ուղղված միջազգային հանրության բոլոր առաջարկները: Այս մասին կառավարության նիստի մեկնարկին հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:


Նա կրկին նշեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, օրինակ՝ ապրիլի 13-ի հայտարարությունը, որով նրանք կողմերին կոչ են անում առաջին իսկ հնարավորության դեպքում վերսկսել բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը համանախագահների հովանու ներքո: Եվ հիշեցրեց, որ մինչև օրս Ադրբեջանը չի արձագանքել այս կոչին, մինչդեռ Հայաստանը բազմիցս ընդգծել է իր պատրաստակամությունը՝ ցանկացած պահի սկսելու բանակցային գործընթացն առաջարկվող ֆորմատով:


"Մենք արտահայտել ենք նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատից դուրս գտնվող հարցերի վերաբերյալ երկխոսության մեջ լինելու մեր պատրաստակամությունը: Այսուհանդերձ, Ադրբեջանն իր բոլոր գործողություններով փորձում է խափանել երկխոսության որևէ հնարավորություն՝ հռետորաբանությամբ և գործողություններով վարկաբեկելով նաև նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունները:


Մասնավորապես՝ ի հեճուկս 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետի, Ադրբեջանում շարունակվում են հայ ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց շինծու դատավարությունները, որի հետևանքով նրանք դատապարտվում են երկար տարիների ազատազրկումների: Հատուկ ուշադրության է արժանի այն փաստը, որ վերջին շրջանում գրեթե բոլոր դատապարտվածները գերեվարվել են նոյեմբերի 9-ից հետո, խաղաղապահների պատասխանատվության գոտիներում: Եթե այս փաստը համադրում ենք այն լայնածավալ հակաքարոզչության հետ, որ Ադրբեջանում վարվում է ընդդեմ խաղաղապահների և ? ?յն փաստի հետ, որ Ադրբեջանը մինչև օրս չի ստորագրել խաղաղապահների մանդատը, ակնհայտ է դառնում, որ սա խաղաղապահների, այսինքն՝ Լեռնային Ղարաբաղում կայունության ու խաղաղության դեմ իրականացվող գործողությունների շարք է:


Ադրբեջանը հետևողական գործողություններ է ձեռնարկում նաև վարկաբեկելու տարածաշրջանային կոմունիկացիաների բացման թեման: Ի հեճուկս այն բանի, որ ո՛չ նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ վերաբերելի կետում, ո՛չ հունվարի 11-ի հայտարարության մեջ չկա որևէ «միջանցք» արտահայտություն կամ սահմանում, չեն ընդգծվում կոնկրետ երթուղիներ, Ադրբեջանը շարունակում է արծարծել ինչ-որ միջանցքի թեմա՝ մատնանշելով կոնկրետ երթուղիներ և ուղղություններ:


Նախկինում բազմիցս ասել եմ, որ Հայաստանը չի քննարկել, չի քննարկում և չի քննարկելու միջանցքային տրամաբանության որևէ հարց, և վերը հիշատակված ձևակերպումներով Ադրբեջանը փորձում է խափանել տարածաշրջանային կոմունիկացիաների բացման թեման, որը ոչ միայն չափազանց կարևոր հարց է մեզ համար, այլև գտնվում է մեր կառավարության առաջնահերթությունների շարքում:


Մեզ համար միանշանակ է և աներկբա, որ տարածաշրջանի բոլոր տրանսպորտային և տնտեսական կոմունիկացիաները պետք է բացվեն և ինչպես Հայաստանը Ադրբեջանի տարածքով պիտի հաղորդակցություն ունենա այդ թվում՝ դեպի Ռուսաստան, Կենտրոնական Ասիա, Իրանի Իսլամական Հանրապետություն, այնպես էլ Ադրբեջանը Հայաստանի տարածքով պիտի հաղորդակցություն ունենա, այդ թվում՝ դեպի Նախիջևան, Վրաստան, Իրան:


Այս ծրագիրն իրականացնելու համար սահմանի համապատասխան կետերում պիտի ստեղծվեն մաքսային կետեր, որոնց հատումը երկու կողմերից պիտի իրականացվի միջպետական սահմանների անցման միջազգայինորեն՝ զորօրինակ ԱՊՀ-ում ընդունված կանոններին համապատասխան մաքսային սահամանային և այլ տեսակի հսկողություններով",-հավելեց Փաշինյանը: