Արդեն 12 օր է ոչինչ չի հաղորդվում առաջնագծից անհետացած 2 հայ զինծառայողների մասին
Արդեն 12 օր է, ինչ երկրի ռազմաքաղաքական ղեկավարությունը ոչինչ չի հաղորդում առաջնագծի Սոթք-Խոզնավար հատվածի, Սև լճի տեղամասում, անհայտ պատճառներով, անհետացած 2 հայ զինծառայողների մասին։ Այս մասին հիշեցնում է ռազմական փորձագետ Տիգրան Աբրահամյանն ու շարունակում.
"Թե սա ինչ վտանգավոր ազդանշաններ է փոխանցում հանրությանը սահմանագծի առանձին հատվածներում, զինված ուժերում տիրող իրավիճակի մասին, դեռ չեմ խոսի։
Չնայած առանց այդ էլ ամեն ինչ շատ պարզ է։
Սրանք մտածում են, որ հայեցակարգեր մշակել/ընդունելով կամ ծառայություն կրճատելով կարողանալու են բարեփոխման իմիտացիա ստեղծել։
Իրականում, ինչպես մյուս համակարգերում, զրոյացման գործընթաց է",- գրել է Աբրահամյանը։
VERELQ-ը հիշեցնում է, որ հուլիսի 14-ի լուսադեմին, մառախուղի պայմաններում, ամրակցված զինվորական ավտոմեքենայով ծառայողական պարտականությունները կատարելու ընթացքում կորել է կապը Հայաստանի Հանրապետության հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված ՀՀ ԶՈՒ N զորամասի զինծառայող Արթուր Նալբանդյանի և վարորդ Արամայիս Տոռոզյանի հետ։
Արթուր Նալբանդյանն ու Արամայիս Տոռոզյանը եղել են առանց զենքի։
Մեկնարկած որոնողա-փրկարարական աշխատանքները դեռևս արդյունք չեն տվել։