26.11.2024
Հայ-ադրբեջանական սահմանին փոխհրաձգության հետևանքով հայ զինծառայող է զոհվել. ՊՆ
prev Նախորդ նորություն

ՀՀ-ն արժևորում է Ֆրանսիայի ջանքերը հակամարտության կարգավորման գործընթացում. նախագահ

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին՝ Ֆրանսիայի Հանրապետության Ազգային տոնի առթիվ:


Ուղերձում ասվում է.


«Ջերմորեն շնորհավորում և լավագույն մաղթանքներս եմ հղում Ձեզ և Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին Ֆրանսիայի Հանրապետության Ազգային տոնի առթիվ:


Հայաստանի և Ֆրանսիայի՝ դարերի խորքից եկող բարեկամությունը, մեր պետությունների առանձնահատուկ հարաբերությունները, բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը և փոխվստահությունը հսկայական ներուժ են հայ-ֆրանսիական համագործակցության հետագա զարգացման համար:


Հայաստանն արժևորում է Ֆրանսիայի հետևողական ջանքերը և մասնավորապես Ձեր՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի ղեկավարի անձնական ներդրումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում՝ ի նպաստ մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման:


Հուսով եմ, որ երկուստեք ջանքերով հայ-ֆրանսիական արդեն իսկ ընդգրկուն օրակարգը կհարստացնենք նոր գաղափարներով և նախաձեռնություններով:


Մեծարգո պարոն Նախագահ,


Լիահույս եմ, որ շատ մոտ ապագայում առիթ կունենանք ուսումնասիրելու համագործակցության կոնկրետ ծրագրեր, որոնք տարբեր առիթներով հնարավորություն ենք ունեցել քննարկել: Հատկապես կցանկանայի նշել ATOM (Advanced tomorrow - Ժամանակն առաջ) նախագահական նախաձեռնությունը, սննդի անվտանգությունը, փոքր և հաջողակ պետությունների ակումբի ստեղծումը, «Պարտք՝ ի նպաստ կլիմայի» ծրագիրը, ինչպես նաև Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության և Եվրասիական տնտեսական միության միջև տարածաշրջանային տնտեսական համագործակցությունը:


Մաղթում եմ Ձեզ անսպառ եռանդ և հաջողություն, իսկ Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին՝ առաջընթաց և բարօրություն»: