25.11.2024
Մինսկի խմբի համանախագահները կմասնակցեն Պուտին-Սարգսյան-Ալիև հանդիպմանը
prev Նախորդ նորություն

Քոչարյան. Ադրբեջանը հակված չէ հետաքննող մեխանիզմների լիարժեք ներդրմանը

Հետևելով Ադրբեջանի պաշտոնական հայտարարություններին՝ Ադրբեջանը ամենևին էլ հակված չէ հետաքննող մեխանիզմների լիարժեք ներդրմանը: Սա իմ գնահատականն է: Եվ հունիսի 20-ի հանդիպումը ցույց կտա՝ կփորձի, արդյոք, Ալիևը այդ կարևորագույն խնդիրը պայմանավորել հազար ու մի այլ հարցերով, որպեսզի տապալի Վիեննայում ձեռք բերված պայմանավորվածությունները, թե ոչ: Այս մասին Ազգային Ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը:

Հիշեցնենք, հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում կկայան ՀՀ, Ադրբեջանի և ՌԴ նախագահների հանդիպումը, որին կմասնակցեն նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Պաշտոնյայի խոսքով՝ այն, ինչի շուրջ պայմանավորվածություններ են ձեռք բերվել Վիեննայում, չափազանց կարևոր է և առանց դրա խոսել որևէ առաջընթացի, արդյունավետ բանակցությունների մասին, անհնարին է:

«Այդ տեսակետից նախագահների հանդիպումը քննություն է Ադրբեջանի համար, քանի որ ցույց կտա, թե արդյոք նա, որ չկարողացավ Վիեննայում դիմակայել այդ երեք պետությունների ներկայացուցիչների ճնշմանը կամ առաջարկություններին, այժմ փորձելու է տապալել գործընթացը»,- նշեց Քոչարյանը: Վերջինիս խոսքով ՝ առաջընթացը կայանում է նրանում, որ փաստաթղթային մասով ԵԱՀԿ-ն համապատասխան փաստաթղթերը արդեն ներկայացրել է:

«Նախ, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Կասպրչիկի թիմի կարողությունների ավելացման մասով, ինչը կարևոր է ընթացիկ մշտադիտարկում իրականացնելու համար: Եվ երկրորդ՝ միջադեպերի հետաքննության մեխանիզմների մասով: Առ այսօր արդարացի դժգոհություն կար և հենց հայկական կողմն էր այն անընդհատ հնչեցնում, որ բոլոր հայտարարությունները լինում են անհասցե:

Թվում է, թե ակնհայտ է՝ ով է դա արել՝ ինչպես ապրիլյան այդ ռազմական գործողությունների դեպքում, բայց հայտարարությունները հասցեագրված չեն»,-նշեց Հայաստանի փոխարտգործնախարարը՝ հավելելով, որ հետաքննությունների մեխանիզմի ներդրման իմաստը հենց նրանում է, որ հնարավորություն է ընձեռվում մատնանշել՝ ո՞վ էր հրահրողը, ո՞վ իրականացնողը: