«Իմ քայլը» խմբակցության ևս մեկ պատգամավոր մանդատը վայր դնելու դիմում է ներկայացրել
ԱԺ կառավարող «Իմ քայլը» դաշինքի Խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանը դիմում է ներկայացրել պատգամավորական մանդատից հրաժարվելու մասին:
Անկուսակցական Համազասպ Դանիելյանը վերջին մարդը չէր խմբակցությունում, մասնավորապես, հենց նա էր համակարգել Ընտրական օրենսգրքի բարեփոխումների աշխատանքները։ Սակայն իշխող ուժի՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակում նրա անունը չի հայտնվել։ Իսկ նախօրեին՝ հունիսի 9-ին, լուծարված խորհրդարանի պայմաններում և նոր խորհրդարանի ընտրվելուց 11 օր առաջ, Դանիելյանը մանդատը վայր դնելու դիմում է ներկայացրել։
Պետք է հաշվի առնել, որ խորհրդարանն, ըստ էության, ներկա պահին չի աշխատում, օրինակ՝ ԱԺ պրոֆիլային հանձնաժողովների մի մասը չի կարողացել հայտարարված նիստերն անցկացնել քվորումի բացակայության պատճառով։ Մանդատը վայր դնելու մասին Դանիելյանի որոշումից մի քանի օր առաջ նման դիմում է ներկայացրել նաև խմբակցության մեկ այլ անդամ՝ Սերգեյ Ատոմյանը։
Գործող օրենսդրության համաձայն՝ մանդատը վայր դնելու մասին դիմում ներկայացնելուց հետո պատգամավորներին տրվում է մեկշաբաթյա ժամկետ, որպեսզի փոփոխեն իրենց որոշումը եւ հետ կանչեն դիմումը։ Եթե դիմումը հետ չի կանչվում, կազմվում է արձանագրություն եւ հրաժարականի դիմումը համարվում ուժի մեջ մտած այդ արձանագրության հրապարակման պահից։ Դրանից ելնելով՝ Դանիելյանի հրաժարականը կընդունվի հունիսի 16-ին՝ ընտրություններից 4 օր առաջ։