Մարուքյանը Ռիքերին փոխանցել է Ադրբեջանի նկատմամբ սանկցիաներ կիրառելու առաջարկ-նամակ
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ սանկցիաներ կիրառելու առաջարկով ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը նամակ է փոխանցել Երեւանում պաշտոնական այցով գտնվող` Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնականի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերին: Էդմոն Մարուքյանն այս մասին տեղեկացրել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում:
«Այսօր նամակս եմ փոխանցել Երևանում պաշտոնական այցով գտնվող` Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնականի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերին` բարձրացնելով Ադրբեջանի իշխանության կողմից պլանավորված և իրականացված պատերազմական հանցագործությունների, Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ ռազմական ոտնձգությունների, ռազմագերիներին չվերադարձնելու և դատելու, ինչպես նաև միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների այլ խախտումների հարցերը»,- նշել է Էդմոն Մարուքյանը։
Պատգամավորի կողմից առաջարկվել է խիստ սանկցիաներ կիրառել ադրբեջանական իշխանություններում բարձրագույն պաշտոններ զբաղեցնող մի խումբ անձանց նկատմամբ՝ Իլհամ Ալիև՝ Ադրբեջանի Հանրապետության նախագահ, Մեհրիբան Ալիևա՝ Ադրբեջանի Հանրապետության փոխնախագահ, Զաքիր Հասանով՝ քաղաքական գործիչ, Ադրբեջանի Հանրապետության պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ, Նաջմեդդին Հուսեյն օղլի Սադիկով՝ Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ, Պաշտպանության նախարարի նախկին առաջին տեղակալ, Վիլայեթ Սուլեյման օղլի Էյվազով՝ Ադրբեջանի Հանրապետության ներքին գործերի նախարար, քաղաքական գործիչ, գեներալ- գնդապետ, Էլչին Իսա օղլի Գուլիև՝ Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանապահ ծառայության պետ, քաղաքական գործիչ, Ալի Նաղի օղլի Նագիև՝ Ադրբեջանի Հանրապետության անվտանգության պետական ծառայության պետ, գեներալ- գնդապետ, Օրհան Սեդյար օղլի Սուլթանով՝ Ադրբեջանի Հանրապետության արտաքին հետախուզական ծառայության պետ, գեներալ-գնդապետ,Ալի Հիդայեթ օղլի Ասադով՝ Ադրբեջանի Հանրապետության վարչապետ, քաղաքական գործիչ, Սահիբա Ալի գիզի Գաֆարովա՝ Ադրբեջանի Հանրապետության պառլամենտի (Միլի Մեջլիս) խոսնակ, քաղաքական գործիչ, Ջեյհուն Ազիզ օղլի Բայրամով՝ Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարար, Հիքմեթ Ֆարհադ օղլի Հաջիև՝ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ, Ադրբեջանի Հանրապետության նախագահի արտաքին քաղաքականության գծով խորհրդական: