Քաղաքական քայլերին նման կերպ արձագանքելը պետականության կորստի վտանգ է առաջ քաշում: Քանզի եթե կան մարդիկ, որոնք քաղաքականությամբ զբաղվելուն պատրաստ են ու պատասխանում են նման մեթոդներով ու ծեծով, ապա սա երկիրը միանշանակ կտանի քաոսի: Իմ հանդեպ իրականացվածը ոչ միայն հարված է ինձ ու ընտրողներին, այլև հանցանք է Արցախի պետականության նկատմամբ: Այս մասին VERELQ-ի հետ զրույցում ասաց Լեռնային Ղարաբաղի Ազգային Ժողովի ընդդիմադիր պատգամավոր Հայկ Խանումյանը: Վերջինս արդեն դուրս է գրվել հիվանդանոցից, բուժումը շարունակում է տան պայմաններում:
Հիշեցնենք, հունիսի 6-ին Ստեփանակերտում ծեծի էր ենթարկվել ԼՂՀ ԱԺ ընդդիմադիր «Վերածնունդ» խմբակցության ղեկավար, «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Հայկ Խանումյանը: Նախօրեին հայտնի դարձավ, որ ԼՂՀ ԱԺ պատգամավորին առևանգելու փաստի առթիվ հունիսի 9-ին ԼՂՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն են մեղայականով ներկայացել մայրաքաղաքի բնակիչներ, աշխարհազորայիններ՝ 1977թ. ծնված Միքայել Միքայելի Սահակյանը և 1968թ. ծնված Սերգեյ Գեորգիի Ավանեսյանը։
Անդրադառնալով իր ծեծի վերաբերյալ ԼՂՀ իշխանությունների արձագանքին, Խանումյանը նշեց, որ սկզբում եղան որոշ հայտարարություններ, որ իրեն բավականաչափ զարմացրեցին: Դրանց թվում հատկապես ԼՂՀ նախագահի խոսնակ
Դավիթ Բաբայանի հայտարարությունը: Բայց այնուհետ առաջին օրերի այդ տհաճ մեկնաբանությունների ֆոնը ցրվել է, ինչը հույս է ներշնչում, որ նախաքննությունը նորմալ կշարունակվի: Պատգամավորը նաև նշեց, որ հեռախոսազրույց է ունեցել
Բակո Սահակյանի հետ, նախօրեին իրեն այցի են եկել ԼՂՀ ԱԺ նախագահն ու վարչապետը.
«Տհաճ այդ ֆոնը կարծես ցրվել է»,- ընդգծեց նա:
Նշենք, որ ԼՂՀ նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանը
VERELQ-ի հետ զրույցում նշել էր.
«Կարող եմ միայն իմ անձնական կարծիքն ասել` դժբախտաբար Խանումյանին լավ ճանաչելով գիտեմ, որ նա մարդկանց կարող է անպատվել և հնարավոր է՝ նման բան է եղել: Բայց այլ բան ասել չեմ կարող, քանի որ ոստիկանություն նման դիմում չի եղել»
Ինչ վերաբերում է իր հետագա գործունեությանը ու, հատկապես,
Սամվել Բաբայանին ԼՂՀ պաշտպանության նախարար նշանակելու նախաձեռնությանը, որի ֆոնին էլ ինքը ծեծի ենթարկվեց, Խանումյանը նշեց, որ այդ ամենի հիմնական նպատակը մեկն է՝ տեսնել Արցախը ուժեղ գործոն, իսկ այդպիսին դառնալու համար ինքը պնդում է, որ հարկավոր է Սամվել Բաբայանին պաշտպանության նախարար նշանակել.
«Արցախը պետք է դառնա կարևոր գործոն, որը կարող է կասեցնել այնպիսի հարցեր ու առաջարկներ, որոնք դեմ են Արցախի կայացրած որոշումներին: Իսկ դա հնարավոր է միայն Սամվել Բաբայանի պաշտպանության նախարար դառնալու դեպքում. Բաբայանն այնպիսի գործիչ է, ով կարող է էական ազդեցություն ունենալ քաղաքական որոշումների ընդունման հարցում»,- հավելեց արցախցի պատգամավորը: