ԱՀ նախագահը ներկայացրել է պետական նախարարին
Նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 2-ին այցելել է Արցախի Հանրապետության պետնախարարի աշխատակազմ և կառավարության անդամներին ու պետնախարարի աշխատակազմի աշխատակիցներին ներկայացրել նորանշանակ պետական նախարար Արտակ Բեգլարյանին:
Իր խոսքում երկրի ղեկավարը շնորհակալություն է հայտնել Գրիգորի Մարտիրոսյանին, ով աշխատանքից ազատվելուց հետո շարունակելու է իր գործունեությունն Արցախում՝ ֆինանսատնտեսական ոլորտում:
Արայիկ Հարությունյանը կարևորել է հատկապես պատերազմական և հետպատերազմյան ճգնաժամային կառավաման գործում Գրիգորի Մարտիրոսյանի դերը՝ համոզմունք հայտնելով, որ նա այսուհետ ևս կաջակցի վերականգնման ու սոցիալական աշխատանքներին զուգահեռ նախատեսվող տնտեսական և զարգացման ծրագրերի իրականացմանը:
Ներկայացնելով նոր պետական նախարարին՝ Արայիկ Հարությունյանը նշել է, որ նա համակարգելու է աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի, առողջապահության, արդարադատության, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարների գործունեությունը, ինչպես նաև Սահմանադրությամբ նախատեսված օրենսդրական բարեփոխումների ընթացքը: