Հունիսի 20-ին նշանակված արտահերթ խորհրդարանական ընտրություններն ունեն բացառիկ կարևորություն ոչ թե մեր հայրենիքի զարգացման, այլ բուն գոյության տեսանկյունից։ Մեր երկրում երբեք որևէ ընտրական գործընթաց չի հանգել «լինել-չլինելու» երկընտրանքի։ Այս մասին հայտարարություն են տարածել մի խումբ իրավապաշտպաններ, որոնք համախմբվել են ընտրությունների նախաշեմին:
Նրանք են՝ իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը, ՀՀ ԱԺ անկախ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը, «Մեդիապաշտպան» նախաձեռնության ղեկավար Աղասի Ենոքյանը, փաստաբան Անահիտ Սարգսյանը:
«Այս առումով թե՛ բուն ընտրության և թե՛ նախընտրական ու հետընտրական գործընթացների նկատմամբ պատշաճ հանրային վերահսկողությունը ձեռք է բերել հատուկ նշանակություն։
Վերոգրյալը նկատի ունենալով և իշխանությունների նկատմամբ տարբեր ձևաչափերով հանրային վերահսկողության մեր փորձը հաշվի առնելով՝ մենք, հինգ հանրային գործիչներս, որոշել ենք համատեղել մեր ջանքերն ու հիմնել «Ընտրությունների վերահսկման կոմիտե»»,- ասված է հայտարարության մեջ։
VERELQ-ի հետ զրույցում փաստաբան Անահիտ Սարգսյանն ասաց, որ գաղափարի շուրջ համախմբվել են այն մարդիկ, որոնք մտահոգված են Հայաստանի ներկայով ու հատկապես ապագայով: Նշված անհատները, ասաց նա, ամենքն իր ուղղությունն ունեն՝ մեդիապաշտպան, իրավապաշտպան, փաստաբան, պատգամավոր, բայց բոլորին համախմբում է մեկ գիտակցում՝ Հայաստանի գոյության խնդիրն է նժարին դրված.
«Մեր մտահղացումը պայմանավորված է նրանով, որ այս իշխանությունները, որոնք էլ կազմակերպում են արտահերթ ընտրությունները, որևէ հավատ չեն ներշնչում: Ակնհայտ է, որ այս ընթացքում, նաև նախընտրական փուլում իշխանությունը գործելու է իրեն բնորոշ գործելաոճով՝ ստեր, պոպուլիզմ, մանիպուկյացիաներ և այլն: Արդեն իսկ իրենք մեկնարկել են այդ գործողությունները, մասնավորապես, մամուլի հանդեպ հակաօրինական քայլեր են ձեռնարկում, ինչի մասին նաև Ժուռնալիստների միությունն է հայտարարությամբ հանդես եկել (5-րդ ալիքի լրագրողի դեպքը – խմբ.): Այսօր արդեն տեսանելի է, որ իշխանությունը չի թողնում ընդդիմադիր մամուլն աշխատի և ակնհայտ է, որ այս միտումը շարունակվելու է»,- ասաց նա:
Փաստաբանը նկատեց, որ իշխանությունը, որն ամիսներ շարունակ մի ամբողջ ազգի խաբել է զոհերի ու անհետ կորածների հարցում, չհաշված մնացած գործընթացները, ազնիվ չի լինի այդ նույն հասարակության հետ նաև ընտրությունների կազմակերպման հարցում: Եվ հենց դա է իրենց համախմբել, որպեսզի փորձեն վերահսկել ընտրությունների ընթացքը, որպեսզի հանրության ձայնը տեղ հասնի.
«Մենք վստահ ենք, որ այդ դեպքում, եթե հասարակությունն իսկապես ազղատ ընտրություն կայացնելու հնարավորություն ունենա, մենք կազատվենք այս չարիքի իշխանությունից»,- ընդգծեց նա:
Անահիտ Սարգսյանը շեշտեց՝ այս ընտրությունները նախորդ բոլոր ընտրական գործընթացներից տարբերվում են նրանով, որ եթե նախկինում մենք ընտրություն էինք կատարում այս կամ այն անձի միջև, նրանց գաղափարների ու մոտեցումների միջև, ապա այսօր գոյության հարցն է միայն նժարին դրված, հունիսի 20-ին ընտրություն է կատարվելու հայ ազգի, հայոց պետականության լինելու և չլինելու միջև.
«Ցավով եմ նշում, բայց հաշվի առնելով այս իշխանության գործելակերպը, նրանց էությունը, ես չեմ բացառում, որ նրանք անգամ քաղաքացիական պատերազմ կարող են հրահրել: Եվ ոչ միայն նախընտրական փուլում, այլև հետընտրականում ցնցումները չեմ բացառում, քանի որ նրանք ունակ են ամեն ինչի իշխանությունը պահելու համար»,- ընդգծեց մեր զրուցակիցը:
Փաստաբանը նկատեց, որ հակաօրինական է այն, որ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարը արդեն իսկ մեկնարկել նախընտրական քարոզարշավը: Կոնկրետ իր պարագայում դա առավել հակաօրինական է, քանի որ վարչական ռեսուրսն է օգտագործվում՝ ամեն շաբաթ մարզային այցեր, հանդիպումներ, խոստումներ և այլն: Եվ իրենց կոմիտեն նաև այդ նպատակն ունի՝ նման երևույթների դեմ գործընթացներ սկսել ու վարել: Այս պահի դրությամբ, ասաց մեր զրուցակիցը, դեռ որևէ գործընթաց չեն սկսել, բայց կոմիտեն նոր է ձևավորվել և ամեն բան դեռ առջևում է.
«Գործողությունները լինելու են բոլոր ուղղություններով՝ իրավական ու դատական գործընթացներ, հասարակության իրազեկում և այլն: Այդպիսով մենք մեր լուման կներդնենք այս պայքարում, քանի որ, կրկնում եմ, Հայաստանի գոյության ու ապագայի հարցն է այսօր լուծվում»,- հավելեց նա:
Իսկ ավելի մանրամասն իրավապաշտպանները իրենց ծրագրերը կներկայացնեն վաղը կայանալիք ասուլիսում: