Միջազգային հարցերով ռուսաստանյան խորհրդի փորձագետ Սերգեյ Մելքոնյանը վերլուծել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն այն մասին, որ հայկական կողմը պատրաստ է սահմանին տեղակայել միջազգային դիտորդներ, որոնք ներկայացնում են Ռուսաստանը կամ մեկ այլ երկիր՝ Մինսկի խմբի (Ֆրանսիա կամ ԱՄՆ) համանախագահը: Նա համոզված է, որ որոշումը կայացվել է միանձնյա։
«Առաջին. այս հայտարարությունը, ինչպես և բոլոր նախորդները, արվել է առանց նախագահի կամ արտգործնախարարի հետ խորհրդակցությունների։ Ընդունված է միանձնյա։ Խորհրդակցությունների ընթացքում փորձառու դիվանագետները կբացատրեին նման առաջարկի անհեթեթությունը։
Երկրորդ. ԵԱՀԿ Մինսկի խումբը ոչ մի կապ չունի հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և սահմանագծման հետ։ Նման հարցերի քննարկման մանդատ նա չունի։ Միակ բանը, որով պետք է զբաղվի ԵԱՀԿ ՄԽ–ն Արցախի Հանրապետության կարգավիճակի ամրագրումն է։
Երրորդ. Նման հայտարարություններ անելուց առաջ անհրաժեշտ է համապատասխան առաջարկ կամ համաձայնություն ստանալ «հյուրերի» կողմից, որոնք հրավիրվում են (եթե դա ոչ թե ԵԱՀԿ ձևաչափով է, այլ երկկողմ, ապա նաև բազմակողմ պայմանավորվածությունների հիման վրա)։ Դատելով այն բանից, որ վերջին օրերին ուղղակի շփումներ չեն եղել Փարիզի և Վաշինգտոնի հետ, կարելի է եզրակացնել, որ ոչ Ֆրանսիան, ոչ ԱՄՆ-ն ուղղակի համաձայնություն չեն տվել։ Նման որոշումները պահանջում են երկար քննարկումներ և խորհրդակցություններ, որոնք չեն եղել։
Չորրորդ. Կարելի է տարակուսանք ակնկալել Ռուսաստանի կողմից, քանի որ դժվար է պատկերացնել, որ Մոսկվան համաձայն լինի իր ուժերի համատեղ տեղակայմանը ՆԱՏՕ-ի ներկայացուցիչների հետ իր ազդեցության գոտում, որտեղ առկա է նրա ռազմական ներկայությունը։
Հինգերորդ. Նման որոշում կայացնելու համար պետք է համաձայնություն լինի Բաքվի կողմից։ Վստահ չեմ, որ Ադրբեջանի և Թուրքիայի ղեկավարությունը համաձայն կլինի ֆրանսիական կամ ամերիկյան ներկայությանը։ Եթե, իհարկե, Փաշինյանը չի նախատեսում դրանք տեղակայել միայն Հայաստանի տարածքում, ինչն ավելի մեծ հիմարություն է», - գրել է Մելքոնյանը իր Տելեգրամի ալիքում։
Ինչ է առաջարկել Փաշինյանը
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ադրբեջանական կողմին առաջարկել է Հայաստանի հետ անհապաղ դուրս բերել Սոթք-Խոզնավար շրջանում գտնվող ստորաբաժանումները ելման դիրքեր: Եվ այդ հատվածում տեղակայել միջազգային դիտորդներ, որոնք ներկայացնում են Ռուսաստանը կամ մեկ այլ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր։
Նրա խոսքով՝ դիտորդների տեղակայումն անհրաժեշտ է, որպեսզի երկու պետությունները վստահ լինեն, որ կողմերից որևէ մեկը չի մոտենա սահմանին։
Նա հավելել է, որ դրանից հետո նաեւ միջազգային հովանու ներքո՝ Ռուսաստանի կամ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների, պետք է աշխատանքներ տարվեն Ադրբեջանի հետ սահմանի հստակեցման ուղղությամբ: Եվ նկատեց, որ եթե Ադրբեջանը վստահ է իր ճշմարտացիության մեջ, ապա պետք է համաձայնի այդ պլանին։