VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Երեկ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը վերջակետ դրեց Նիկոլ Փաշինյանի հետ ստվերային համագործակցության եւ հետընտրական կոալիցիա կազմելու գործարքի մասին լուրերին՝ հայտարարելով, թե բացառված է, որ միանա Նիկոլ Փաշինյանի հետ: ԲՀԿ-ի դիրքորոշման կտրուկ կոշտացումը նկատելի դարձավ նույն օրը հրավիրված Անվտանգության խորհրդի արտահերթ նիստում, որին մասնակցում էին նաեւ խորհրդարանական խմբակցությունների ղեկավարները: ԲՀԿ քարտուղար Արման Աբովյանը, ի տարբերություն Էդմոն Մարուքյանի, հոտնկայս չդիմավորեց վարչապետի ԺՊ-ին՝ ընդգծելով վերջինիս հանդեպ իրենց վերաբերմունքը: Որոշ տեղեկություններով, սա խոսում է նաեւ այն մասին, որ Գագիկ Ծառուկյանը Մոսկվայից ազդակներ է ստացել՝ ռուսները սկսում են բաց խաղալ»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանն ընտրություններին ընդառաջ Կոտայքը մաքրազարդում է Սասուն Միքայելյանի կադրերից․ երեկ պաշտոնանկ արվեց մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանը` Սասուն Միքայելյանի ընկերն ու կնոջ ազգականը։ Փաշինյանը կասկածներ ունի, որ Միքայելյանի հրահանգով վարչական ռեսուրսը կծառայեցվի ոչ թե իշխանությանը, այլ ուրիշ ուժերի համար։ Հիշեցնենք, որ օրերս Միքայելյանը հայտարարեց ընտրություններին չմասնակցելու մասին, իսկ դրա իրական պատճառն այն է, որ նա նախ պահանջել է առաջին հնգյակում իր համար նախատեսված տեղում գրել ավագ որդու՝ Մեխակի անունը։ Բացի դա, ԵԿՄ-ականների մի մեծ ցանկ է ներկայացրել Փաշինյանին՝ պահանջելով նրանց եւս ընդգրկել ցուցակի անցողիկ հորիզոնականներում։ «Կամանդիրը» ծրագրել է ապագա խորհրդարանում իր կուրացիայի տակ գտնվող «երկրապահների» խումբ ունենալ, Փաշինյանը մերժել է առաջարկը, որին հաջորդեց ընտրապայքարից դուրս գալու մասին Միքայելյանի հայտարարությունը։ Ավելի մտերիմների մոտ նա սպառնացել է՝ որ եթե Կոտայքում ինքը չաշխատի, կտեսնի, թե իշխանությունն ինչքան ձայն կստանա։ Հենց այդ պատճառով էլ նոր մարզպետ նշանակվեց նախկին ԿԳԲ-շնիկ, որ ընտրություններից առաջ հին ու բարի մեթոդներով մարզն իր ձեռքը հավաքի։ Եվ դա կսկսի մարզպետարանից՝ հեռացնելով Սասուն Միքայելյանի ազգուտակին։ Հիշեցնենք, որ Միքայելյանի դուստրը մարզպետի օգնականն է, փեսան՝ փոխմարզպետը, վարչության պետերի եւ աշխատակազմի մեծ մասը եւս սասունականներ են։ Բայց ժամանակը կարճ է՝ կհասցնի՞ նոր մարզպետը մարզում մթնոլորտ փոխել»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Սորոսական գվարդիան ՔՊ ընտրացուցակում նահանջել է նախկին դիրքերից։ Ընդգրկված չեն ամենակարկառուն սորոսական՝ ԱԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, նրա աներձագ Սոս Ավետիսյանը։ Թեպետ նախապես ասում էին, որ սորոսականների «ֆրակցիայի» ղեկավար Մարիա Կարապետյանն առաջատար դիրքերում է, բայց նա ընդամենը 24-րդն է։ Չի բացառվում, որ սա Փաշինյանի հերթական «շուստրիությունն» է․ նկատի ունենալով հանրային վերաբերմունքն այս թիմի նկատմամբ, որոշել է առանց այն էլ բարդ վիճակում չթիրախավորել ինքն իրեն, իսկ երբ հաջողվի իշխանությունը նորից վերցնել, դուրս մնացածներին գործադիրում պաշտոնների կնշանակի»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ երեկ խորհրդարանի իշխանական խմբակցությունում թեժ քննարկվում էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակը: Բանն այն է, որ ցուցակում են հայտնվել այնպիսի անձինք, որոնք անակնկալ են եղել խմբակցության պատգամավորների համար: Իշխանական ֆրակցիայի համար անակնկալ է եղել ցուցակում տեսնել ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի օգնականին՝ Հասմիկ Հակոբյանին, որը ցուցակի 78-րդ համարն է: Հաջորդ անակնկալը հայտնի «ֆեյքերի» ՊՈԱԿ-ի նախկին տնօրեն Լիլի Մինասյանի՝ ցուցակում լինելն է, որը ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանի հետ լուրջ տարաձայնությունների պատճառով լքել էր տնօրենի պաշտոնը. վերջինս ցուցակի 75-րդ համարն է: Պարզվում է՝ ՔՊ ցուցակում է նաեւ Մարտի 1-ի զոհերից Գոռ Քլոյանի քույրը` Անուշ Քլոյանը, որը ցուցակում 93-րդն է: Իշխանության ներսում թեժ քննարկվել է այն հարցը, որ իշխանությունը ցուցակից դուրս է թողել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Տաթեւ Հայրապետյանին, Աննա Կարապետյանին, Հովհաննես Իգիթյանին, Սերգեյ Ատոմյանին, Համազասպ Դանիելյանին, Հովհաննես Հովհաննիսյանին, Միքայել Զոլյանին»:
«Իրավունք» օրաթերթը գրում է. «Նորաստեղծ «Ինքնիշխան Հայաստան» կուսակցությունը ևս մասնակցում է արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Ցուցակը գլխավորում է նիկոլական իշխանափոխության ջահակիրներից Պետական վերահսկողական ծառայության (ՊՎԾ) նախկին ղեկավար Դավիթ Սանասարյանը, որն իր պաշտոնավարումից կարճ ժամանակ անց հայտնվել էր մի շարք մութ պատմությունների մեջ ու հրաժեշտ տվել պետական աթոռին: «Իրավունքը» Սանասարյանից հետաքրքրվեց, թե ընտրություններին մասնակցող 27 քաղաքական ուժերից ո՞ւմ հետ է «Ինքնիշխան Հայաստանը» բացառում կոալիցիա կազմել, եթե անցնեն խորհրդարան: «Մենք բացառում ենք կոալիցիան նախկին և ներկա իշխանությունների հետ: Մնացածի հետ կարելի է քննարկել»,- վստահորեն նշեց կուսակցության ղեկավարը՝ մոռանալով, որ ոչ վաղ անցյալում ինքն էլ ներկա իշխանության մաս էր, իսկ ընտրություններին մասնակցող բոլոր ուժերում կարելի է գտնել և՛ նախկին, և՛ ներկա իշխանության ներկայացուցիչների: Ուստի «մնացածի հետ կարելի է քննարկել» կոալիցիա կազմելու տարբերակը, թերևս հնարավոր կլինի միայն այլմոլորակայինների հետ, որ չլինեն ո՛չ ներկայից, ո՛չ նախկինից»:
«Իրավունք» օրաթերթը գրում է. «ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը լքած անկախ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հայտնվել է Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակում: Նա ՔՊ-ականների շարքում 52- րդ համարն է: Հիշեցնենք, որ ընդամենը երկու ամիս առաջ Ս. Բագրատյանն այն կարծիքին էր, որ ավելի լավ է լուսանցքում լինել, քան պետականության առագաստանավի առագաստները քաշքշողներից որևէ կողմի շարքերում: «Այս դեպքում քեզ չես մեղադրի, որ ճոճեցիր և վնասեցիր պետականության նավը: Ես պատրաստ եմ պետությանը ծառայել, բայց պատրաստ չեմ ընդդիմությանը կամ իշխանությանը ծառայել: Ես պետականության առանցքը պահում եմ, որ չվնասեն: Իմ խնդիրն եմ համարում պաշտպանել պետականությունը ցանկացած հարձակումից, որովհետև պետականությունն է հավերժ, և մենք պետականության արդյունքում կարող ենք շարունակվել: Եթե իշխանությունն ու ընդդիմությունը պետականության առագաստանավի առագաստները քաշեն, ճոճեն, պոկեն, մենք այս ծովում մակընթացության կենթարկվենք և կկործանվենք: Ես ինձ առագաստը պահողների թվում եմ տեսնում»,- «Իրավունքի» հետ զրույցում նշել էր Բագրատյանը: Իսկ թե ինչ փոխվեց ընդամենը երկու ամսվա մեջ, դեռ կփորձենք պարզել»
«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի Հաշվեքննիչ պալատի նախագահ Վահրամ Բաղդասարյանն օրերս հրաժարական տվեց։ Մենք գրել էինք, որ ԱԺ-ում նրա ընտրությունը տեղի է ունեցել օրենքի խախտումով։ Նախագահն առնվազն պետք է ֆինանսիստի 10 տարվա աշխատանքային փորձ ունենա, բայց Բաղդասարյանն ընդամենը 7 ամիս նախարար է աշխատել։ Եվ ԱԺ ընդդիմադիր խմբակցությունն այս առիթով դիմել էր գերագույն կամ սահմանադրական դատարան։ Մի քանի օրից պետք է կայանար նիստը, բայց Բաղդասարյանը մի ոտք առաջ հրաժարական տվեց՝ թերեւս կանխատեսելով, որ իր օգտին չի լինելու որոշումը, եւ բացահայտվելու է իշխանության թույլ տված ապօրինությունը։ Արայիկ Հարությունյանը Բաղդասարյանին անգործ չի թողնի, որոշել է նշանակել պետնախարար։ Մենք նախօրեին գրել էինք, որ Արցախի պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը մտադիր է հեռանալ Արցախից, թեեւ այլ աղբյուր ասաց, որ հնարավոր է փոխատեղում լինի՝ պետնախարարին գործուղեն Հաշվեքննիչ պալատ»:
«Իրավունք» օրաթերթը գրում է. «ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը, պարզվում է՝ պատրաստվում է լրագրողների հարցերին պատասխանելու համար: Այդ մասին տեղեկացանք անձամբ, բախտի բերմամբ պատգամավորի մանդատ ձեռք բերած, տարրական էթիկայի կանոնների չտիրապետող, հայ աղջկա վրա դռներ շրխկացնող պատգամավորից.
-Այսօր պատրաստ չեմ հարցազրույցներ տալու համար:
-Ինչո՞ւ:
-Ասացի՝ պատրաստ չեմ:
-Իսկ Արցախը հանձնելուն պատրա՞ստ էիք:
-Արցախը Դուք եք հանձնել:
-Ես, հետաքրքիր է: Դուք որտե՞ղ եք եղել, առաջնագծում եղե՞լ եք:
-Դուք ինձ խանգարում եք:
-Դուք էլ իմ մասնագիտական աշխատանքին եք խոչընդոտում...
-Ի պատասխան՝ ոչ ավել, ոչ պակաս դռան շրխկոց: Սա է մերօրյա պատգամավորների իրական կերպարը: Ուղղակի լավ կլիներ, որ այդպես դռներ շրխկացնելով՝ թույլ չտային Արցախը հանձնելու գործընթացը իրականացվեր, կանխեին թշնամու ներխուժումը ՀՀ տարածք, մեր զինվորներին մեր իսկ հողում գնդակահարելն ու գերի վերցնելը, կարողանային մեր մյուս գերիներին վերադարձնել... Որ մեկն ասես»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մշտապես թափանցիկության եւ ժողովրդի կողմից սիրված լինելու մասին հիշատակող իշխանությունները որոշել են այսօր կայանալիք առաջին հանրապետության եւ Բաշ Ապարանի հերոսամարտերին նվիրված միջոցառումներն անցկացնել փակ ձեւաչափով։ Եվ հենց այդ նպատակով այսօր 8։00-ից մինչ 11։00-ն փակ են լինելու դեպի Սարդարապատ տանող ճանապարհները. անգամ չի նախատեսվում լրագրողների մուտքը։ Սակայն նկատենք՝ անգամ նախկինների ժամանակ լրագրողների մուտքը երբեք փակ չի եղել, անգամ հասարակ քաղաքացիները հաճախ կարողանում էին գալ եւ կանգնել պաշտոնյաների կողքին։ Իսկ հիմա Փաշինյանի իշխանությունը, որ, իբր, ժողովրդականություն է վայելում, փակ է պահում միջոցառումը անգամ լրագրողների համար»։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է, Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա բնակավայրի սահմանային հատվածում հակառակորդի արձակած կրակահերթերից հետո սկսված փոխհրաձգության հետեւանքով մահացու հրազենային վիրավորում ստացած պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Վ. Յ. Խուրշուդյանը մահացել էր թոքի հատվածում վիրավորումից։ Եվ այդ հանգամանքից հետո շատերին հետաքրքրում էր, թե ինչպես է ստացվել, որ զինծառայողը վիրավորվել է թոքի շրջանում, այսինքն՝ զրահաբաճկոն չի՞ եղել արդյոք նրա հագին: Այս առնչությամբ երեկ «Ժողովուրդ» օրաթերթը հարց է ուղղել ՀՀ ԶՈՒ օպերատիվ գլխավոր վարչության պետ-ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանին: «Մեր զինվորը զրահաբաճկոն ունի, բայց տարբեր դիրքերից կրակելու դեպքում ռելիեֆային բարդ պայմաններում, եթե կրակոցներն արձակվում են ներքեւից, ապա զինծառայողը, գտնվելով վերեւի մասում, ապա կարող է նաեւ այդ մասով խոցվել: Իմ տվյալներով՝ այդպես է ստացվել դեպքը», – նշեց նա»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայ հասարակությունը ժամանակ առ ժամանակ ծանր հոգեբանական հարված է ստանում սահմանից եկող լուրերի պատճառով: Երեկ առավոտյան պայթեց 6 հայ զինվորականների գերեվարվելու մասին լուրը, իրադարձությունները գնալով լարվեցին ու հասան այնտեղ, որ սահմանամերձ գոտի այցելեց անձամբ Նիկոլ Փաշինյանը ու տեղում ծանոթացավ վիճակին: Մեր աղբյուրները փոխանցում են, որ բանակը պատրաստ է ու ցանկացած պահի հրամանի դեպքում կարող է մաքրել ՀՀ սահմանները ներխուժած ադրբեջանական բանակին. այս մասին երեկ հայտնեց նաեւ ԳՇ պետի տեղակալը: Ակնհայտ է, որ սպառվում է ոչ միայն զինվորականների, այլեւ քաղաքական ղեկավարության համբերության բաժակը, ու ստեղծված իրավիճակը կարող է տանել հայ-ադրբեջանական նոր բախումների: Այս իրավիճակում այնքան էլ հասկանալի չէ Ռուսաստանի դիրքորոշումը, որը տարածաշրջանում հանդես է գալիս արբիտրի դերում, սակայն կա՛մ չի կարողանում ազդել Բաքվի վրա, որպեսզի կանխի ադրբեջանական զինուժի պրովոկացիաները, կա՛մ չի ուզում: Ակնհայտ է, որ, ի տարբերություն 2016թ.-ի ապրիլյան եւ 2020թ-ի 44-օրյա պատերազմի, այս անգամ Հայաստանի ներսում միասնականություն չկա, քաղաքական ուժերը ջանք չեն խնայում քննադատել գործող իշխանություններին, ինչն ավելի է բորբոքում, եթե չասենք՝ հուսալքում ժողովրդին` ստեղծելով պայթյունավտանգ իրավիճակ երկրի ներսում: Մյուս կողմից` արտահերթ ընտրությունների թեման առաջ է բերվել ոչ ընդդիմության կողմից, ու, թերեւս, ազգովի թողած առաջնայինը, ընկել ենք երրորդական կամ չորրորդական հարցերի հետեւից: Եթե մի կողմ դնենք դավադրության տեսությունները եւ հեռու գնանք մերձիշխանական մեր աղբյուրների այն պնդումներից, համաձայն որոնց՝ այս ամենն արվում է ներսի ու դրսի որոշ շրջանակների պայմանավորված «պասերով», որպեսզի հունիսի 20-ին Փաշինյանը պարտվի ընտրություններում, այնուամենայնիվ, ակնհայտ է, որ այս իրավիճակում քաղաքականապես միակ տուժողը գործող իշխանությունն է, որի վարկանիշն ամեն գնով մաշեցնում են արտաքին ու ներքին ուժերը»: