Այսօր՝ մայիսի 28-ին նշվում է Հայաստանի առաջին Հանրապետության օրը: Հենց այս օրը, 103 տարի առաջ, Անդրկովկասի Ժողովրդավարական Դաշնային Հանրապետության (ԱԺԴՀ) փլուզումից հետո, Հայաստանը, Վրաստանն ու Ադրբեջանը գրեթե միաժամանակ հռչակեցին իրենց որպես անկախ պետություններ:
Այսպես առաջացավ Հայաստանի առաջին Հանրապեությունը: Ինչպես Հայաստանն, այնպես էլ մյուս երկու անդրկովկասյան պետությունները ստեղծվեցին փաստացի առաջին աշխարհամատի ավարտին ու երկու կայսրությունների՝ Ցարական Ռուսաստան և Օսմանյան Թուրքիայի փլուզմանը զուգահեռ եւ արդյունքնում: Այդ ժամանակվա հայ ազգային քաղաքական էլիտան, որը գերթե ամբողջությամբ «հանգրվանած» էր Թբիլիսիում (այն ժամանակ Թիֆլիսը), կարելի է ասել, պատրաստ չէր անկախության հռչակմանը և Երևան տեղափոխվելուն: Այս մասին է վկայում նաեւ այն, որ Հայաստանի անկախությունը Հայ ազգային խորհուրդը հռչակեց հենց Թբիլիսիում, իսկ Հայաստանի Անկախության հռչակագրում տեղ գտավ հետեւյալ միտքը.
«Անդրկովկասի քաղաքական ամբողջականության անկումով եւ Վրաստանի ու Ադրբեջանի կողմից անկախության հռչակմամբ պայմանավորված` Հայկական ազգային խորհուրդն իրեն հայտարարում է հայկական գավառների գերագույն եւ միակ իշխանություն»:
Անկախության հռչակման պահին տարածքների զգալի մասը բռնազավթված էին թուրքական զորքերի կողմից, որոնք արդեն գտնվում էին Էրիվանի մոտ: Թեպետ Օսմանյան Կայսրությունը փլուզման շեմին էր, սակայն թուրքական զորամիավորումները շարունակում էին մարտեր մղել անդրկավկասյան ճակատում: Սարդարապատում, Բաշ-Ապարանում և Ղարաքիլիսայում հայկական զորքերի տարած հաղթանակները կասեցրեցին թուրքերի առաջխաղացումը և վերացրեցին հայ ժողովրդի գլխին կախված ֆիզիկական ոչնչացման վտանգը:
1918-ի հունիսի 4-ին Բաթումում ստորագրվեց հայ-թուրքական հաշտության պայմանագիրը, ըստ որի, Հայաստանի կազմի մեջ էին մտնում Երևանի, Էջմիածնի, Ալեքսանդրապոլի, Դարալագյազի, Ղազախի, Բորչալուի գավառների որոշ մասերը և Նոր Բայազետի գավառը: Հայոց ազգային խորհրդի հիման վրա ստեղծվեց առաջին խորհրդարանը: Անկախ Հայաստանի առաջին վարչապետն է եղել Հովհաննես Քաջազնունին, վերջինը՝ Սիմոն Վրացյանը:
Հանրապետության օրը պաշտոնապես նշվում է 1992թ.-ից: Հայաստանի Հանրապետությունն ընդամենը երկու տարվա կյանք է ունեցել՝ մինչև 1920 թ. դեկտեմբերի 2-ը։ Այդ ժամանակ Երևան են մտել 11-րդ Կարմիր բանակի զորամասերը, և հանրապետությունը խորհրդայնացվել է:
Փորձագետների կարծիքով, մայիսի 28-ի նստվածքը մեր ժողովրդի մեջ ավելին է, քան սեպտեմբերի 21-ինը` հինգ դարից ավելի պետականության կորստից հետո հայ ժողովուրդը վերջապես կարողացավ օգտվել միջազգային քաղաքական իրավիճակից և ստեղծեց առաջին հանրապետությունը: Եթե չունենայինք առաջին հանրապետությունը, չէիք կարող ունենալ թե՛ խորհրդային հանրապետությունը, թե՛ երրորդ հանրապետությունը:
Առաջին Հանրապետությունն է այն հիմքը, որով ստեղծվեց երրորդ հանրապետությունը: