ՀԱՊԿ-ն ի գիտություն է ընդունել Փաշինյանի դիմումը
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի դիմումն ընդունվել է ի գիտություն ՀԱՊԿ-ի կողմից, խորհրդակցական աշխատանքները շարունակվում են: Այս մասին ՏԱՍՍ հաղորդմամբ ասել է ՀԱՊԿ մամուլի խոսնակ Վլադիմիր Զայնետդինովը:
«Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի տեղեկությունն ընդունվել է ի գիտություն: ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նախագահ Էմոմալի Ռահմոնի հանձնարարությամբ համապատասխան աշխատանքը շարունակվում է»,- ասել է նա:
Զայնետդինովը հիշեցրել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովի հայտարարությունը, որ հայ-ադրբեջանական սահմանին վերջին սրացումը պահանջում է անհապաղ միջոցառումներ, առաջին հերթին` քաղաքական և դիվանագիտական բնույթի, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի պետական սահմանների սահմանազատման և սահմանագծման հարցերի լուծում:
VERELQ-ը հիշեցնում է, որ այսօր Ազգային ժողովում Փաշինյանը հայտարարեց, թե ՀԱՊԿ անդամ երկրները հստակ դիրքորոշում չեն հայտնում Հայաստանից ադրբեջանական զորքի հետ քաշվելու վերաբերյալ: Ըստ այդմ նա չբացառեց, որ Հայաստանն այդ հարցով կդիմի ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ։
«Ադրբեջանի կողմից սպառնալիքը պահպանվում է: Բաքվի ձգտումները չեզոքացված չեն: Հայաստանը չի բացառում, որ ՀՀ տարածք ներխուժած ադրբեջանցիների հարցով կգնա ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին դիմելու ճանապարհով, եթե պարզվի, որ ՀԱՊԿ-ի գործիքները կամ հայ-ռուսական միացյալ զորախմբի վերաբերյալ պայմանագրի գործիքները բավարար չեն այս իրավիճակն ու խնդիրը լուծելու համար»,- ասել է նա: