Իրանը կարևոր հարևան է, տարածաշրջանի անվտանգության ճարտարապետության կարևոր դերակատար. ԱԳՆ
26.05.2021
Հայաստանը կողմնակից է այս վերջին լարվածությունը լուծել քաղաքական, դիվանագիտական միջոցներով: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը:
"Մենք չափազանց գնահատում ենք, որ այս տագնապալի օրերին և հանգամանքներում մեր դարավոր բարեկամ և հարևան Իրանի արտաքին գործերի նախարար և իմ շատ լավ գործընկեր Զարիֆը տարածաշրջանային այց է իրականացրել և այսօր ժամանել է Հայաստան, ինչը վկայում է Իրանի անշահախնդիր մտադրությունը` ջանքեր գործադրել տարածաշրջանում կայունության և անվտանգության ամրապնդման գործում",-նշել է նա:
Այվազյանն ընդգծել է՝ Իրանը մեզ համար շատ կարևոր հարևան է, կարևոր գործընկեր է, որը տարածաշրջանի կայունության և անվտանգության ճարտարապետության կարևոր դերակատար է.
"Մենք երկկողմ ուղղությամբ մեր բոլոր ջանքերն ենք գործադրելու՝ բազմաոլորտ, և նախևառաջ, քաղաքական երկխոսության միջոցով խորացնել մեր միջպետական համագործակցությունն Իրանի հետ", - հավելել է ՀՀ ԱԳ նախարարը: