Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշնյանը կառավարության մայիսի 27-ի նիստի ժամանակ Ադրբեջանի զինծառայողների կողմից հայ զինվորների գերեվարումն անվանել է «առևանգում»:
Փաշինյանը միջադեպի որոշ մանրամասներ է ներկայացրել՝ հատուկ ընդգծելով որ միգադեպը տեղի է ունեցել ՀՀ տարածում:
«Հայաստանի ԶՈւ 6 զինծառայողներ ՀՀ ինքնիշխան տարածքում իրականացնելիս են եղել սահմանի կահավորման աշխատանքներ: Իրականացվել են ականապատման աշխատանքներ: Ընդ որում՝ ուզում եմ հատուկ ընդգծել, որ աշխատանքներ իրականացվել են զգուշացնող նշանների տեղադրման զուգորդմամբ», ասել է Փաշինյանն ու հավելել, որ այդ աշխատանքներն արվել են ոչ դիվերսիոն նպատակներով: «Տեղադրվել են զգուշացնող նշաններ տարածքի ականապատված լինելու վերաբերյալ», - նշել է նա:
Այս գործողություններն, նշել է Փաշինյանը, իրականացվել են մեր սահմանի պաշտպանության մակարդակը բարձրացնելու համար: «Ավելի ուշ տեղեկատվություն է ստացվել, որ մեր զինվորները գերեվարվել են, հանգամանքները պետք է պարզվեն: Բայց մի բան հստակ է, որ դա ըստ էության առևանգում է ՀՀ տարածքից: Այդ տարածքներում մայիսի 12-ից գտնվում են նաև Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումներ: Հարցը հենց այս համատեքստում է», - նկատել է նա:
Փաշինյանն բացարձակապես անընդունելի է անվանել տեղի ունեցող գործընթացները՝ նշելով, որ այդ միջադեպերի պատճառները. «Այս միջադեպերը տեղի են ունենում այն պատճառով, որ ոմանք ուզում են, որ մենք համակերպվենք մեր տարածքում ադրբեջանական ուժերի ներկայության հետ, ինչը տեղի ունենալ չի կարող»:
Նա խոստացավ պարզել դեպքի մանրամասները՝ վերստին արձանագրելով, որ դեպքը տեղի է ունեցել ՀՀ տարածքում, զինծառայողներն ունեցել են սահմանի կահավորման խնդիր: «Սա (սահմանի կահավորումը) տեղի է ունենում ամբողջ սահմանի երկայնքով ու պետք է տեղի ունենա մեր սահմանների ամրապնդման համար: Հարցը չպետք է օգտագործվի ներքաղաքական նպատակներով, սա կարևոր եմ համարում: Պետք է դատապարտել այս իրավիճակը բանակի ու ԶՈւ-ի դեմ օգտագործելու բոլոր փորձերը», - ընդգծել է նա:
Սա ամենևին սովորական իրադրություն չի համարում Փաշինյանը, ինչպես փորձ է արվում ներկայացվել, մասնավորապես Ադրբեջանի կողմից: «Սա տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանը սպառնացող ուղղակի վտանգ է, որը միջազգային իրավունքի կոպտագույն խախտում է: ՀՀ-ն պետք է օգտագործի բոլոր, այդ թվում՝ միջազգային լծակներն իրադրությունը կարգավորելու համար: Մենք ձեռնարկելու ենք բոլոր միջոցները», - նկատել է նա՝ հավելելով, որ պետք է հստակ տեղեկատվություն տրամադրվի հանրությանը, որպեսզի ադրբեջանական լրահոսը չտարածվի: