Մենք շատ լավ հասկանում ենք Բաքի մարտավարությունը. Վաղարշակ Հարությունյան
Ադրբեջանական կողմի մեղադրանքները Հայաստանի Զինված ուժերի կողմից ադրբեջանական դիրքերի գնդակոծման մասին չեն համապատասխանում իրականությանը: Այս մասին այսօր՝ մայիսի 26-ին, խորհրդարանում կառավարական ժամի ընթացքում հայտարարել է պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանը։
Նրա խոսքով, Ադրբեջանի շարժառիթներն ակնհայտ են. ադրբեջանական կողմը փորձում է կոծկել հայկական տարածքում ադրբեջանական զորքերի կողմից կիրառված զենքի արդյունքում զոհված հայ զինծառայողի սպանությունը:
«Ես կապվել եմ խաղաղապահ ուժերի ներկայացուցիչների հետ, որոնք նույնպես հերքել են այդ տեղեկատվությունը (ադրբեջանական կողմի մեղադրանքները – խմբ.)», - հայտարարել է նա՝ հիշեցնելով, որ Ադրբեջանը հայկական կողմին մեղադրել է նաև Շուշիի դիրքերի գնդակոծման մեջ:
Հարությունյանը նշել է, որ ադրբեջանական կողմը փորձում է պատասխանատվությունը բարդել հայկական կողմի վրա՝ իրավիճակը ներկայացնելով այնպես, կարծես «հենց հայկական կողմն է ագրեսիա ցուցաբերում, իսկ ադրբեջանական կողմը խաղաղ կանգնած է իր դիրքերում»: «Մենք շատ լավ հասկանում ենք, թե ինչ են անում և ինչ մարտավարություն են որդեգրել», - հայտարարեց Հարությունյանը։