23.11.2024
Վարչապետը Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի 2 տեղակալ է նշանակել
prev Նախորդ նորություն

Հայաստանը կարող է 4-րդ հոդվածով դիմել ՀԱՊԿ-ին. Արմեն Գրիգորյան

Հայ-ադրբեջանական սահմանին խաղաղ և դիվանագիտական ճանապարհով խնդրի լուծման հնարավորություններն ավարտվում են: Ավելին, ստեղծվում է իրավիճակ, որպեսզի Հայաստանը 4-րդ հոդվածով դիմի ՀԱՊԿ-ին։


Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։


Նրա խոսքով՝ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը մնում է լարված։


«Մի փոքր թուլացել է, սակայն դա չի նշանակում, որ ամեն ինչ հանգիստ է։ Մենք բազմիցս ասել ենք մեր գործընկերներին, որ նման լարված իրավիճակում հնարավոր չի լինելու իրադրությունը վերահսկողության տակ պահել։ Մենք տեղեկացրել էինք այս մասին ՀԱՊԿ-ի մեր գործընկերներին և ասել, որ իրավիճակը կարող է դուրս գալ վերահսկողությունից», - ասել է նա, նշելով, որ մայիսի 25-ին միջադեպերը հերթական անգամ ցույց տվեցին, որ անհրաժեշտ է շտապ միջոցներ ձեռնարկել իրավիճակը կարգավորելու համար։


Մայիսի 25-ի ցերեկը ադրբեջանական կողմի կրակոցների հետեւանքով մահացու վիրավորում է ստացել 32-ամյա պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Վ. Խուրշուդյանը:


Հակառակ դեպքում, զգուշացրել է Գրիգորյանը, այդ լարվածությունը որևէ միջադեպի արդյունքում կարող է դուրս գալ վերահսկողությունից։


Նա նաեւ տեղեկացրել է, որ այս պահին բանակցություններ են ընթանում Պաշտպանության նախարարների կոմիտեի, ինչպես նաեւ ՀԱՊԿ-ի երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների հանդիպման կազմակերպման համար:


Ընդ որում, նա ընդգծել է, որ հայ-ադրբեջանական սահմանին խնդիրը խաղաղ և դիվանագիտական ճանապարհով լուծելու հնարավորություններն ավարտվում են:
«Ասեմ ավելի՝ մեզ մոտեցնում են, իրավիճակ է ստեղծվում, որպեսզի մենք 4-րդ հոդվածով դիմենք ՀԱՊԿ-ին։ Եվ ՀԱՊԿ-ը պետք է հաշվի առնի այդ հանգամանքը», - ասաց նա։


ՀԱՊԿ պայմանագրի 4-րդ հոդվածը


Պայմանագրի 4–րդ հոդվածի համաձայն, եթե մասնակից պետություններից մեկը ենթարկվի ագրեսիայի (զինված հարձակման, որը սպառնում է անվտանգությանը, կայունությանը, տարածքային ամբողջականությանը եւ ինքնիշխանությանը), ապա դա մասնակից պետությունների կողմից կդիտվի որպես ագրեսիա (զինված հարձակում, որը սպառնում է անվտանգությանը, կայունությանը, տարածքային ամբողջականությանը եւ ինքնիշխանությանը) բոլոր մասնակից պետությունների նկատմամբ: