Նախագահը կոչ է արել ձեռնարկել ամենախիստ միջոցներն ընդդեմ ՀՀ-ին սպառնացող ոտնձգությունների
Հայ-ադրբեջանական սահմանում հակառակորդի կողմից այսօր իրականացված նոր սադրանքին է անդրադարձել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը: Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը, որում ասված է.
«Հայաստանի Հանրապետության սահմանների և տարածքային ամբողջականության դեմ իրականացվող տևական ոտնձգություններից և ապօրինի գործողություններից հետո այսօր Ադրբեջանը դիմել է սահմանային իրավիճակը լարելու նոր սադրանքի:
ՀՀ Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում ադրբեջանական կողմից կրակոցներ են արձակվել հայկական զինուժի ուղղությամբ: Հայկական կողմից կա զոհ: Խորին ցավակցությունս եմ հայտնում զոհված զինծառայողի ընտանիքին և հարազատներին։
Հորդորում եմ պետական համապատասխան կառույցներին՝ գործադրել բոլոր ջանքերը և ձեռնարկել ամենախիստ միջոցներն ընդդեմ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությանը սպառնացող ոտնձգությունների և սահմանային խախտումների:
Դատապարտելով Ադրբեջանի սադրիչ գործողությունները և իրավիճակը սրելու քայլերը՝ միաժամանակ, կոչ ենք անում միջազգային հանրությանը և բոլոր շահագրգիռ պետություններին՝ լինել առավելագույնս անհանդուրժող և կոշտ միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի սադրիչ գործողություններին համապատասխան գնահատական տալու և դատապարտելու ուղղությամբ»: