Human Rights Watch. Բեռլինը պետք է կոչ անի Ալիևին ազատ արձակել քաղաքական ակտիվիստներին
Գերմանիայի պաշտոնյաները պետք է Բեռլին այցելած Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին կոչ անեն ազատ արձակել անարդարացիորեն ձերբակալված իշխանությունների քննադատներին և քաղաքական ակտիվիստներին: Այդ մասին հայտարարել է Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը:
Ալիևն այցի ընթացքում հանդիպելու է գերմանացի պաշտոնյաների հետ, ինչպես նաև բացելու է գերմանա-ադրբեջանական տնտեսական ֆորումը: Գերմանացի պաշտոնյաները պետք է նաև Ալիևին կոչ անեն չեղարկել վերջերս բանտերից ազատված ակտիվիստների նկատմամբ գործող սահմանափակումները և բարեփոխեն այն օրենքները, որոնք սահմանափակում են հիմնարար ազատությունները:
«Գերմանացի պաշտոնյաները պետք է նախագահ Ալիևին դրդեն վերջ դնել երկրում մարդու իրավունքների դեմ բռնաճնշումներին և դադարել փակել այլախոհների բերանը»,- ասել է Human Rights Watch-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով տնօրեն Հյու Վիլիամսոնը:
Ինչպես նշում է կազմակերպությունը, Ադրբեջանը գործընկերների, այդ թվում՝ Գերմանիայի ճնշումների արդյունքում մարտից ի վեր 17 իրավապաշտպանի, լրագրողի և ակտիվիստի է ազատ արձակել: Վերջերս՝ մայիսի 25-ին, Ադրբեջանի գերագույն դատարանն ազատ է արձակել հայտնի հետաքննող լրագրող Խադիջա Իսմայիլովային:
Վերջին ամիսներին ազատ արձակվածները թիրախ են եղել և ձերբակալվել են այլախոհության դեմ իշխանությունների շարունակական բռնաճնշումների ֆոնին:
Նշվում է, որ շատ լրագրողներ և ակտիվիստներ շարունակում են մնալ ճաղերի հետևում։ Նրանց թվում են քաղաքական վերլուծաբան Իլգար Մամեդովը, սյունակագիր Սեյմուր Հեզին, բլոգեր և NIDA երիտասարդական խմբի անդամ Իլքին Ռուսթեմզադեն, Ադրբեջանի ընդդիմադիր «Ժողովրդական ճակատ» կուսակցության առնվազն 14 քաղաքական ակտիվիստ:
Կազմակերպությունը նշում է, որ Ադրբեջանի իշխանությունները, անգամ ազատ արձակելով մի քանի ընդդիմադիրների, շարունակում են ձերբակալել այլոց: Մայիսի 10-ին իշխանությունները ձերբակալել են երկու ակտիվիստի՝ Գիյաս Իբրահիմովին և Բայրամ Մամեդովին՝ Հեյդար Ալիևի հուշարձանի վրա գրաֆիտի նկարելուց հետո:
Human Rights Watch-ը նշում է, որ Ադրբեջանը նաև ռեպրեսիվ օրենքներ է ընդունել ոչ կառավարական խմբերի վերաբերյալ և քրեական ու վարչական գործեր է հարուցել շատ անկախ խմբերի դեմ: Չնայած իշխանությունները մարտին կասեցրել են ոչ կառավարական կազմակերպությունների նկատմամբ մի քանի հետաքննություններ, գոյություն ունեցող օրենսդրական սահմանափակումները շարունակում են խոչընդոտել նրանց գործունեությանը։
«Գերմանացի պաշտոնյաները պետք է հասկացնեն նախագահ Ալիևին, որ երկկողմ հարաբերությունների որակը կախված է Ադրբեջանի կողմից իր միջազգային պարտավորությունների կատարումից»,- ասել է Վիլիամսոնը: «Անարդարացիորեն ձերբակալված ակտիվիստների ազատ արձակումը և ռեպրեսիվ օրենքների չեղարկումը պետք է լինեն առաջին քայլերն այդ ճանապարհին»,- հավելել է նա։