Կալանավորված անձը բժշկական կենտրոնից դիմել է փախուստի
Վաղարշապատի բժշկական կենտրոնում ստացիոնար բուժման մեջ գտնվող, ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ, 1992թ. ծնված Գ. Մ-ն 2021 թվականի մայիսի 25-ին՝ ժամը 05:30-ի սահմաններում, փախուստի է դիմել հիշյալ բժշկական կենտրոնից:
Քրեկատարողական ծառայությունից տեղեկացնում են, որ փախուստի դիմած կալանավորված անձին հայտնաբերելու նպատակով ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունում անմիջապես հայտարարվել է տագնապ, մոբիլիզացվել են իրավասու բոլոր ստորաբաժանումները և ուժերը:
«Հետևողական և մեծածավալ օպերատիվ-հետախուզական ու փնտրողական միջոցառումների արդյունքում ժամը 07:30-ի սահմաններում Գ. Մ.-ն հայտնաբերվել է Երևան քաղաքում և բերման ենթարկվել ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն»,- ասված է հղորդագրության մեջ։