«Հայաստան» դաշինքը հայտնել է ռազմական լայնամասշտաբ բախման վտանգի մասին
Ադրբեջանի զավթողական ախորժակը բացվել է բացառապես Նիկոլ Փաշինյանի գլխավորած վարչախմբի հակահայկական քաղաքականության պատճառով։ Այս մասին այսօր՝ մայիսի 14-ին, հայտարարությամբ է հանդես եկել «Հայաստան» դաշինքը՝ անդրադառնալով ադրբեջանական ագրեսիայի եւ ՀՀ տարածքային ամբողջականության խախտմանը։
Հայտարարության մեջ, մասնավորապես, նշվում է.
«Հարգելի՛ հայրենակիցներ,
Ադրբեջանը, օգտվելով Հայաստանի Հանրապետության իշխանությունների այսպես կոչված՝ խաղաղասիրական քաղաքականությունից, հանցավոր անգործությունից, ամենաթողությունից, խախտել է մեր երկրի տարածքային ամբողջականությունը։ Ադրբեջանի զավթողական ախորժակը բացվել է բացառապես Նիկոլ Փաշինյանի գլխավորած վարչախմբի հակահայկական քաղաքականության պատճառով։
Սյունիքի ու Գեղարքունիքի մարզերում ադրբեջանական զինվորականների ներխուժման արդյունքում մեզ համար անվտանգային լրջագույն սպառնալիքներ են առաջացել։ Իրավիճակը հղի է ռազմական լայնամասշտաբ բախման վտանգով՝ նոր պատերազմով եւ տարածաշրջանային անկայունության պոտենցիալով։ ՀՀ զինված ուժերը պարտավոր են ապահովել մեր սահմանների պաշտպանությունը։
Օրվա իշխանությունները հերթական անգամ ցույց տվեցին, որ անկարող են ապահովել մեր երկրի ու քաղաքացիների անվտանգությունը, երաշխավորել ՀՀ տարածքային ամբողջականությունը։ Չեն իրականացվում իրավիճակից բխող գործողություններ Ադրբեջանի կողմից միջազգային իրավունքի կոպտագույն ոտնահարման փաստի կապակցությամբ եւ մեր սահմանների պաշտպանության համար։
ՀՀ քաղաքացիներին կոչ ենք անում լինել զգոն ու համախմբված, խուճապի չմատնվել եւ պատրաստ լինել զարգացումների ցանկացած սցենարի։
Հա՛րգելի հայրենակիցներ,
Համոզված ենք, որ պարտության ու խայտառակության խորհրդանիշ այս ապաշնորհ իշխանության առկայությամբ մեր երկրում հնարավոր չէ հաստատել արժանապատիվ խաղաղություն, կայունություն եւ բարեկեցություն։ Ուստի Հայաստանի ու Արցախի անվտանգության ապահովման թիվ մեկ նախապայման ենք համարում ազգային ու նոր որակի իշխանության ձեւավորումը։
«Հայաստան» դաշինքի քաղաքական խորհուրդ
14.05.2021թ․»։