23.11.2024
Վրաստանը պլանավորում է ցամաքային սահմանները բացել մի քանի շաբաթից. նախարար
prev Նախորդ նորություն

Բաքվի գերխնդիրն է ապահովել Սյունիքի վերջնական բռնազավթման անշրջելիությունը. նախկին դեսպան

Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԱԳ նախարարի նախկին խորհրդական և դեսպան Ռուբեն Կարապետյանը կարծում է, որ Ադրբեջանը ցանկանում է հասնել Սյունիքի վերջնական բռնազավթման գործընթացի անշրջելիությանը։ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում:


Նա հիշեցնում է, որ երեկ ադրբեջանական ԶՈՒ-ը հարձակվել են Հայաստանի Հանրապետության վրա երկու ուղղություններով՝ առաջինը, առանց որևէ դիմադրության հայկական կողմից հանգիստ անցել են ՀՀ պետական սահմանն ու քայլերթով 3․5 կիլոմետր առաջացել ինքնիշխան Հայաստանի Հանրապետության տարածք Սյունիքում, երկրորդը, անցել են սահմանը Վարդենիսի ուղղությամբ։


Այդ կապակցությամբ նա արձանագրել է.


1․ Հայաստանը ենթարկվել է ռազմական հարձակման հարևան երկրի կողմից, ինչի արդյունքում խախտվել է ՀՀ տարածքային ամբողջականությունը։ Պատերազմի պաշտոնապես չհայտարարումը ու "մարտական գործողությունների" բացակայությունը բնավ չի հերքում ՀՀ-ի վրա ադրբեջանական հարձակման փաստն ու տարածքների գրավումը ադրբեջական զինուժի կողմից։


2․ ՀՀ իշխող վարչակազմը շարունակում է գործել պատերազմական իրավիճակին ոչ համարժեք՝ մտահոգված ապագա ընտրություններով, փորձում է միտումնավոր նվազեցնել տեղի ունեցածի նշանակությունը, շարունակում է մոլորեցնել ու ապատեղեկատվություն տրամադրել մեր հասարակությանը, ինչպես նաև խոսել բանակցությունների ճանապարհով տեղի ունեցածի կարգավորման մասին, իրականում ի ցույց դնելով սեփական անկարողությունը հասարակությունը միավորելու և պաշտպանելու երկրի սահմանները թշնամիներից։


3․ ՀՀ քաղաքացիների ու արտերկրի Հայության մեծամասնությունը չի գիտակցում, որ Ադրբեջանը խոսքերից անցել է գործի և իրական պատերազմ է սանձազերծել Հայաստանի դեմ։ Մեր ազգի մեծամասնությունը չի ցանկանում ընկալել Հայաստանի Հանրապետության գոյությանը սպառնացող վտանգի չափերն ու հետևանքները։


4․ ՀՀ դաշնակիցները մատնված են անգործության կամ զբաղված են դեռևս անարդյունք գործունեությամբ չնայած միջազգային համաձայնագրերով ամրագրված պարտավորություններին, իսկ մերձավորարևելյան ներկայիս պայթյունավտանգ զարգացումները հարմար պահ և մթնոլորտ են ստեղծում թշնամու համար։


5․ Մինչև հունիսի 20-ը վճռվելու է Սյունիքի և Հայաստանի ապագայի ճակատագիրը, երբ թշնամին օգտվելով ՀՀ-ի անինքնիշխան կարգավիճակից փորձելու է առավելապես տարածքներ գրավել մեր երկրի հարավային և այլ մասերում՝ գերխնդիր ունենալով ապահովել Սյունիքի վերջնական բռնազավթման գործընթացի անշրջելիությունը։


Այս պարզ արձանագրումները կատարեցի, որպեսզի հասկանաք թե ինչքան է ինձ զարմացնում և հիասթափեցնում մեր հանցավոր հավաքական անտարբերությունը Հայոց պետականության ճակատագրի՝ սեփական ապագայի նկատմամբ։ Դուրս եկեք փողոց և կտեսնեք թե մեր քաղաքացիների քանի տոկոսն է մտահոգված այն ամենով, ինչ ես վերևում նշեցի։


Իսկ ինչ վերաբերում է ՀՀ օրվա իշխանություններին, ապա եթե նրանք չսթափվեն ու վճռական քայլեր չձեռնարկեն միջազգային բոլոր ատյաններում ու մակարդակներում, չցուցաբերեն տեղում կոշտ ռազմական արձագանք տալու պատրաստակամություն՝ մեր երկրի տարածքից թշնամուն անհապաղ դուրս շպրտելու, ՀՀ տարածքային ամբողջականությունը վերականգնելու և Հայաստանի կործանման այս ընթացքը կասեցնելու ուղղությամբ, ապա հունիսի 20-ից հետո մեր պետականության մնացած փլատակների վրա դժվար թե ի վիճակի լինենք կառուցելու «Չորրորդ Հանրապետությունը»»։