Վլադիմիր Պուտինը շնորհավորել է հայ ժողովրդին հաղթանակի 76-րդ տարեդարձի առթիվ
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակի 76-րդ տարեդարձի առթիվ շնորհավորական ուղերձներ է հղել նախկին ԽՍՀՄ մաս կազմող երկրների առաջնորդներին և ժողովուրդներին: Ինչպես նաև Վրաստանի և Ուկրաինայի ժողովուրդներին:
Շնորհավորանքները հասցեագրված են Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի, Աբխազիայի, Հարավային Օսեթիայի առաջնորդներին և քաղաքացիներին:
Կրեմլի պաշտոնական կայքի հաղորդմամբ, Պուտինն ընդգծել է, որ Հաղթանակի օրը հպարտության և երախտագիտության հատուկ զգացումով ենք հիշում մեր հայրերի ու պապերի սխրանքները, ովքեր ուս ուսի տված արիաբար պայքարեցին թշնամու դեմ:
«Այսօր մեր բարոյական պարտքն է խնամքով պահպանել և գալիք սերունդներին փոխանցել այդ տարիների իրադարձությունների մասին հիշողությունը: Պետք է միասին վճռականորեն պայքարենք պատմությունը խեղաթյուրելու և կեղծելու, Մեծ Հայրենական պատերազմի արդյունքները վերանայելու, նացիստների սարսափելի հրեշավորություններն արդարացնելու ցանկացած փորձի դեմ»,- նշել է Պուտինը:
Վլադիմիր Պուտինը համոզմունք է հայտնել, որ եղբայրական բարեկամության և փոխօգնության ավանդույթները, որոնք ամրացել են պատերազմական տարիներին, եղել են և շարունակում են մնալ հիմք երկրների միջև կառուցողական, բարիդրացիական հարաբերությունների կառուցման և զարգացման համար:
ՌԴ առաջնորդն իր անկեղծ երախտագիտության խոսքն է հղել հայրենական պատերազմի վետերաններին՝ մաղթելով քաջառողջություն, բարօրություն, երկարակեցություն: