Պուտինն ու Բայդենը կարող են հանդիպել Բաքվում
Նախկին ամերիկացի պաշտոնատար անձինք չեն բացառում, որ Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Ջո Բայդենի հանդիպումը կարող է կայանալ չեխիայի մայրաքաղաք Պրահայում: Նրանք նաեւ չեն բացառում այնպիսի տարբերակներ, ինչպիսիք են Իսլանդիան, Վրաստանը կամ Ադրբեջանը: Այս մասին գրում է EADaily-ն՝ վկայակոչելով Politico թերթը։
Ապրիլին Չեխիայի առաջին փոխվարչապետ Յան Համաչեկը, որն այդ պահին նույնպես կատարում էր երկրի ԱԳ նախարարի պարտականությունները, հայտնել էր, որ հանձնարարել է Մոսկվայում եւ Վաշինգտոնում Հանրապետության դեսպաններին առաջարկել Պրահայում ՌԴ-ԱՄՆ գագաթնաժողով անցկացնել: Այս հայտարարությունն արվել է Չեխիայի եւ Ռուսաստանի միջեւ դիվանագիտական սկանդալից մի քանի օր առաջ։
Աղբյուրի համաձայն՝ ԱՄՆ նախկին պաշտոնյաները և վերլուծաբանները հայտարարում են, որ չի կարելի բացառել «սև նժույգը»՝ որպես երկու նախագահների հանդիպման վայրի թեկնածու։ Տարբերակներից առանձնացնում են Պրահան, Ռեյկյավիկը, Լյուբլյանան և, հնարավոր է, Բաքուն։
1986 թվականին Ռեյկյավիկում տեղի ունեցավ ԱՄՆ նախագահ Ռոնալդ Ռեյգանի և ԽՄԿԿ Կենտկոմի գլխավոր քարտուղար Միխայիլ Գորբաչովի հանդիպումը։ Ավելի վաղ Իսլանդիայի ԱԳՆ-ից ՌԻԱ Նովոստիին հայտնել էին, որ Իսլանդիան Պուտինի եւ Բայդենի հանդիպման վերաբերյալ առաջարկներ չի ստացել, բայց պատրաստ է աջակցել լարվածության նվազեցմանն ուղղված նախաձեռնություններին:
2001 թվականին Սլովենիան դարձել է Պուտինի և ԱՄՆ այն ժամանակվա նախագահ Ջորջ Բուշի առաջին բանակցությունների վայրը։
Ավելի վաղ Սպիտակ տունը հայտնել էր, որ Բայդենը Պուտինին առաջարկել է բարձր մակարդակի հանդիպում այս տարվա ամռանը եվրոպական երկրներից մեկում՝ երկկողմ հարաբերություններում կուտակված հարցերը քննարկելու համար: Կրեմլը հայտնել է, որ հանդիպման հնարավոր ժամկետները քննարկվում են։ Մայիսի 4-ին Բայդենը հայտարարել է, որ հույս ունի հունիսին հանդիպել Պուտինի հետ։